-Չեմ ցանկանում անդրադառնալ դրան, միայն կասեմ, որ նման հարցերում ոչ մեկ չի կարող ինձ հետ բացատրական աշխատանքներ տանել։ Հիմա շատ բան կարող է հայտարարել։ Հոգևոր կանոնին Տեր Օշինի ոչ մի ասած չի հակասում,- Aravot.am-ին շատ կարճ այսպես արձագանքեց Տեր Օշին քահանա Հայրապետյանն՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի այսօր իրեն կատարած այցին ու դրան հաջորդած Ռուբինյանի հայտարարությանը, թե ստիպված է եղել տեր Օշինին բացատրել, որ եկեղեցում մարդուն քաղաքական հայացքներով կամ կուսակցական պատկանելիությամբ պայմանավորված խտրականության ենթարկելը հակասում է և՛ հոգևոր եկեղեցական կանոնին, և՛ պարունակում է Քրեական օրենսգրքով սահմանված հոդվածի տարրեր:
Ռուբինյանն այսօր այցելել էր տեր Օշինին, պսակադրության ժամանակ «կարևորը քավորը թասիբով մարդ լինի, ՔՊ-ական չլինի» արտահայտության համար:
Հիշեցնենք, որ Ռուբինյանը տեսանյութ է հրապարակել համացանցում՝ պատմելով. «Վերադառնում եմ Սաղմոսավանքից, Տեր Օշինը, ցավոք, չհերքեց, որ քաղաքացուն ասել է՝ կարևորը քավորը թասիբով մարդ լինի, ՔՊ-ական չլինի: Ստիպված եղա Տեր Օշինին բացատրել և զգուշացնել, որ եկեղեցում մարդուն քաղաքական հայացքներով կամ կուսակցական պատկանելիությամբ պայմանավորված խտրականության ենթարկելը հակասում է և՛ հոգևոր եկեղեցական կանոնին, և՛ պարունակում է Քրեական օրենսգրքով սահմանված հոդվածի տարրեր։ Սա պիտի հիշեն մեր բոլոր եկեղեցականները, հատկապես նրանք, ովքեր եկեղեցին, որտեղ պիտի ծառայեն ժողովրդին, շփոթում են Քոչարյանի կամ օլիգարխների նախընտրական շտաբի հետ»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: