ՀՀ Կառավարությունը որոշում է կայացրել Բեռնում հիմնել ռեզիդենտ դեսպանություն. Միրզոյանը՝ Շվեյցարիայի իր գործընկերոջը



Փետրվարի 23-ին Ժնևում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։ 


 


Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև գործընկերության զարգացման և երկկողմ օրակարգը բովանդակային նոր ուղղություններով հարստացնելուն ուղղված աշխատանքները:


 


Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Բեռնում հիմնել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանություն: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, որ դա նոր խթան կհանդիսանա երկկողմ ավելի սերտ համագործակցության համար։


 


Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսը քննարկել են ԵԱՀԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ Շվեյցարիայի նախագահության ներքո: Անդրադարձ է կատարվել նաև այլ ձևաչափերում փոխշահավետ ներգրավվածությանը, առաջիկա բարձրաստիճան միջոցառումներին՝ ներառյալ Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը:


 


Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ: Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության և դրա ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի կարևորությունը:


 


Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի, Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերին:


 


 ՀՀ ԱԳՆ  


 


 


 


Leave a comment