Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին առաջարկել է, որ արևմտյան երկրները մինչև 5000 զինվորից բաղկացած ռազմական կոնտինգենտ տեղակայեն Ուկրաինա-Բելառուս սահմանին։
«Երբ ես խոսում եմ առաջնագծի մասին, ես խոսում եմ Լեհաստանի կամ մեր Բալթյան հարևանների մասին։ Ես նրանց ասում եմ. «Ինչո՞ւ չպետք է ձեր կոնտինգենտները տեղակայվեն Ուկրաինա-Բելառուս սահմանին»»,- AFP-ին տված հարցազրույցում ասել է Զելենսկին։
Համաձայնագրի գոյության մասին հարցին Զելենսկին պատասխանել է, որ «դեռ պատասխան չկա»։
Նա նշել է, որ Կիեւը կցանկանար տեսնել օտարերկրյա զորքեր «առաջնագծին ավելի մոտ», բայց Լեհաստանը դեռևս չի հաստատել կոնտինգենտ ուղարկելու իր մտադրությունը։ Զելենսկին բացատրել է, որ նույնիսկ եթե Լեհաստանը առաջարկի զորքեր տեղակայել Լվովում, Կիեւը չի հետաքրքրվի նման տարբերակով։
Զելենսկիի խոսքով՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստակամություն են հայտնել տրամադրել 5000 զինվորից բաղկացած բրիգադ։ Նա հավելել է, որ մի քանի այլ երկրներ պատրաստ են տրամադրել զորքեր, սակայն չի նշել նրանց անունները։