Քաղաքականություն
23.02.2026 | 17:07
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ դեսպանները, հավանաբար, չեն կարողանա հաստատել Ռուսաստանի դեմ ԵՄ հակապատերազմական պատժամիջոցների նոր՝ 20-րդ փաթեթը այս երկուշաբթի՝ փետրվարի 23-ին: Նրա հայտարարությունը մեջբերել է Reuters-ը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Անցյալ ուրբաթ Կալասը հենց ինքն էր հայտարարել, որ փաթեթը կհամաձայնեցվի երկուշաբթի օրը։
Հետաձգման պատճառը Հունգարիայի դժգոհությունն է Ուկրաինայի կողմից «Դրուժբա» խողովակաշարով նավթի մղման դադարեցմանը, որի արդյունքում Հունգարիան այլևս նավթ չի ստանում այդ խողովակաշարով:
Անցյալ շաբաթվա վերջին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խոստացավ արգելափակել պատժամիջոցները, եթե Ուկրաինան չվերսկսի մղումը: Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ դա պայմանավորված է ռուսական հարձակման հետևանքով խողովակաշարի վնասմամբ, սակայն Հունգարիան հիմնավորումը չի համարում իրական:
«Հունգարիայի հայտարարությունները ցույց են տալիս, որ նա չի փոխել իր դիրքորոշումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ», – ասել է Կալասը։
ԵՄ-ն պլանավորում էր հակապատերազմական պատժամիջոցների նոր փաթեթը ընդունել փետրվարի 23-ին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման չորրորդ տարելիցի նախօրեին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի