ՀՀ Կոտայքի մարզի Ակունք, Արզնի, Գառնի և Ջրվեժ համայնքներն ընդգրկվել են «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարման ծրագրում»՝ համաձայն ՀՀ կառավարության ընդունած որոշումների։
Մինչ այդ Ծրագրում ներառված էին Կոտայքի մարզի ներկայիս Աբովյան, Բյուրեղավան, Ծաղկաձոր, Հրազդան, Նոր Հաճըն, Նաիրի (ընդգրկում է նախկին Եղվարդ քաղաքային համայնքը), Չարենցավան և Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Ճամբարակ, Սևան և Վարդենիս համայնքները։
Ծրագրի շրջանակներում Հրազդան համայնքում կառուցվել է նոր սանիտարական աղբավայր և Մարտունի ու Ակունք բնակավայրերում՝ աղբի փոխաբեռնման կայանները, որոնք սպասարկում են վերոնշյալ համայնքներին։
Հիշեցնենք, որ «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» իրականացման համար Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016թ․ կնքվել է 5,500,000 եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր։ Իսկ 2017թ․ կնքվել է երկու դրամաշնորհային համաձայնագիր ԵՄ Հարևանության ներդրումային հարթակի հետ՝ 3,500,000 եվրո արժողությամբ և E5P տարածաշրջանային հիմնադրամի հետ՝ 2,000,000 եվրո արժողությամբ։
Ըստ համաձայնագրերի՝ երկու մարզերի 12 քաղաքային համայնքների կողմից ստեղծվել է «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ՍՊԸ-ն։ Քաղաքային համայնքները ՎԶԵԲ-ի հետ կնքել են նաև ծրագրի իրականացման աջակցության համաձայնագիր:
Ընկերության կանոնադրության մեջ 2025 թ-ին կատարվել են փոփոխություններ, և նոր համայնքները ևս դարձել են բաժնեմասնակիցներ։ Միաժամանակ, չնայած ստորագրողների թվի ավելացմանը, համաձայնագրերի շրջանակում իրականացվող ծրագրի աշխարհագրական ծածկույթը և գործառույթները մնացել են անփոփոխ:
Փետրվար 23, 2026 at 16:04