Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարօրինակ է համարում այն հանգամանքը, որ երկրում գյուղատնտեսական նշանակության հողերի շատ փոքր մասն է ոռոգվում, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը ջրային ռեսուրսներով հարուստ երկիր է: Վարչապետն այս մասին ասել է փետրվարի 23-ին Ջրային կոմիտեի ձևավորման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ։
«Այստեղ խնդիրը ոչ թե ռեսուրսն է, այլ ռեսուրսը կառավարելու մեր ընդունակությունը: Թերևս, հարկ եմ համարում ընդգծել, որ սա էլ այն դեպքերից է, երբ ասում ենք՝ ցանկացած հարցի լուծման համար Կառավարությունն ունի երեք լուծում: Այդ լուծումներից առաջինը կրթությունն է, երկրորդը՝ կրթությունը, և երրորդը՝ նույնպես կրթությունը: Ընդ որում՝ ասածս վերաբերում է բոլորիս: Երբ նման արձանագրում եմ անում, առաջին հերթին անում եմ ինքս իմ մասին, որովհետև ջրի նկատմամբ մեր վերաբերմունքն էական փոփոխության ենթակա է»,- շեշտել է Փաշինյանը:
Անդրադառնալով, այդ թվում՝ իր երբեմնի հնչեցրած տեսակետների փոփոխությանը, վարչապետն ընդգծել է, որ կյանքը փոփոխությունների ընթացք է և չփոխվելը բերում է աղետների։
«Մեր շատ աղետներ կապված են նրա հետ, որ չենք հասկանում, չենք ըմբռնում փոխվելու անհրաժեշտությունը, չենք ըմբռնում, որ առանց փոխվելու հնարավոր չէ բան փոխել։ Ջրայինն այն ոլորտներից է, որտեղ մենք ընդհանրապես չենք փոխվել: Դրա համար էլ տեղում դոփում ենք, և մեզ ոչ մի բան չի փրկում բացարձակապես: Եվ չի փրկելու, քանի դեռ չենք հասկանում, որ պետք է փոխենք ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը՝ պետական կառավարման համակարգից սկսած, ժողովրդական մակարդակով վերջացրած», – ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է ընդհանրապես գյուղատնտեսության նկատմամբ վերաբերմունքը փոխելու անհրաժեշտությունն ու կարևորությունը. «Մենք խնդիր պետք է դնենք, որ Հայաստանում չոռոգվող գյուղատնտեսական նշանակության հող ոչ միայն պետք է չլինի, այլև տարբեր նշանակության այլ հողեր պետք է դառնան այգիներ, ու այսօրվա Հայաստանում այդ ջրային ռեսուրսը կա: Փորձագիտական գնահատականներով՝ Հայաստանում տարեկան 5-7 միլիարդ խորանարդ մետր ջրային ռեսուրս է ձևավորվում»:
Երկրի ղեկավարը խնդրահարույց է համարել նաև Սևանա լճից ոռոգման նպատակով ջուր բաց թողնելու որոշումները, քանի որ այն մեր երկրի պաշարն է: «Մենք պետք է հասկանանք, որ կաթիլային ոռոգումը, ինտենսիվ գյուղատնտեսությունն է լուծումը: Այսօրվա մեր գյուղատնտեսությունը, բացի ինտենսիվ գյուղատնտեսությունից, վնասաբեր է ամբողջությամբ, որովհետև չենք հաշվում իր ինքնարժեքը, կոնկրետ ջրի գինը թերագնահատված է, և գյուղատնտեսությունն աշխատում է վնասով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հավելել է, որ այս թեմաների հետ պետք է առերեսվել, իսկ առերեսվելու համար կրկին կարևորել է կրթության անհրաժեշտությունը։ «Ես ուզում եմ, որ մենք այս պրոբլեմների հետ առերեսվենք, որովհետև առանց այս պրոբլեմների հետ առերեսվելու, մենք ոչ մի խնդիր չենք կարողանալու լուծել»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ջրային ոլորտում առկա հարցերը լուծելու համար անհրաժեշտ է խնդիրներն ամբողջ խորությամբ ընկալել, լրացնել գիտելիքի պակասը, ավելացնել այդ գիտելիքն իրացնելու հմտությունները:
«Եվ մենք գնալու ենք նոր ճանապարհով, որը սկսվում է ջրային ոլորտի և ջրի նկատմամբ մեր վերաբերմունքի փոփոխությամբ։ Այնուամենայնիվ, տոնական համատեքստը չմթագնելու համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ոլորտի բոլոր աշխատողներին, ովքեր այս ընթացքում իրենց կարողությունները ներդրել են, որպեսզի մենք ավելի վատ վիճակ չունենանք»,- ամփոփել է վարչապետը:
The post Տարօրինակ է, որ ջրային ռեսուրսներով հարուստ Հայաստանի հողերի շատ փոքր մասն է ոռոգվում․ վարչապետ appeared first on CIVILNET.