-Մասնագիտական հանրույթի ակնկալիքը մեկն է՝ մտնել կառուցողական դաշտ, գույքագրել ամբողջ ապահովագրության մեկնարկի այս երկու ամիսների ընթացքում գրանցած խնդիրները, դրանք վերլուծելով՝ կատարել լուրջ շտկումներ: Որովհետեւ, եթե այս կարեւորագույն բարեփոխումը գնա ձախողում, լուրջ խնդիր է դառնալու երկրի սոցիալ-տնտեսական եւ այլ ոլորտներում: Գրպանից ծախսերը բերում են բնակչության աղքատացմանը: Ինչ այսօր տեսնում ենք մամուլում, նախարարի այցեր բժշկական կենտրոններ եւ այլն, տեսնում ենք սինգապուրյան առողջապահություն է, բայց հիվանդանոցներում շատ լուրջ խնդիրների են բնակիչները բախվում,- այսօր ԱԺ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը:
Նա եւս միացել էր այսօր մի խումբ բժիշկների բողոքի ցույցին, որի շրջանակում նամակ փոխանցեցին ԱԺ նախագահին ու ԱԺ խմբակցություններին՝ պահանջելով առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության բացերի եւ ռիսկերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպել։
-Բուժաշխատողները ապահովագրության ներդրումից հետո իրենց առաջին աշխատավարձը ստացան ուշացումով, փետրվարի 20-ին ստացան հունվարի աշխատավարձը, դեղատներին մինչեւ ամսի 20 չէին տրվել փոխհատուցված դեղերի գումարները, դեղատներն ահազանգում էին իրենց պարտքերի մասին: Իսկ բուժաշխատողների աշխատավարձը, քանի որ կազմվում է ապահովագրական case-ի սակագներից, եթե ապահովագրական case-երի գումարները ու ծառայությունները չվերանայվեցին, ապա մեր բուժաշխատողների աշխատավարձերը գնալով խնդրահարույց են դառնալու: Հիվանդանոցի բլոկի աշխատակիցները ստացել են մոտ 30 տոկոս ցածր աշխատավարձ, իսկ պոլիկլինիկաներում 2-3 անգամ ցածր: Ավելի շատ ցածր ստացել են բուժքույրերն ու մայրապետերը,- հավելեց Պողոսյանը:
-Ամենամեծ բացը համակարգի հախուռն մեկնարկն էր, որովհետեւ ապահովագրությունը մեկնարկեց առանց պատշաճ իրազեկման թե՛ բուժաշխատողներին, թե՛ քաղաքացիներին: Դեկտեմբերի 31-ին հիվանդանոցների հետ չունեին պայմանագրեր, բայց հունվարի 1-ից մեկնարկում էր համակարգը:
Համընդհանուր ապահովագրությունը ներդրվեց առանց հիմնադրամի ստեղծման: Առ այսօր անհասկանալի է՝ հիմնադրամը ինչպես է ստեղծվել ու ինչ աշխատողներով: Ներդրման պահին ունեինք հիմնադրամում մեկ աշխատող՝ հիմնադրամի տնօրենն էր, որը ժամանակավոր պաշտոնակատար էր: Այս ամենը հենց բերել է այն բազմաթիվ խնդիրները, որոնց այսօր բախվում ենք,- հավելեց փորձագետը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: