Երևանում կհիմնվի Թենիսի միջազգային ակադեմիա. կմեկնարկի ներդրողի ներգրավման երկփուլ մրցույթ

Նպատակ կա հիմնելու այնպիսի հաստատություն, որը  հնարավորություն կտա անցկացնելու միջազգային մրցաշարեր, ասել է քաղաքապետի խորհրդականը


ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանի քաղաքապետի հանձնարարականի համաձայն՝ Թենիսի միջազգային ակադեմիայի հիմնադրման հետ կապված պետք է կազմակերպվի և անցկացվի ներդրողի ներգրավման երկփուլ մրցույթ։


Այս մասին այսօր քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը։


«Նպատակ կա հիմնելու այնպիսի հաստատություն, որը կհամապատասխանի միջազգային չափորոշիչներին և հնարավորություն կտա անցկացնելու միջազգային մրցաշարեր, ինչպես նաև պատրաստելու բարձր մակարդակի մարզիկներ` զարգացնելով այդ սպորտաձևը ՀՀ-ում », – նշեց Թևանյանը։


Նրա խոսքով՝ այս փուլում ներգրավվում է խորհրդատվական ծառայություն, որը կմշակի և կտրամադրի համապատասխան մրցութային փաթեթն ամբողջությամբ, որից հետո հնարավոր կլինի կազմակերպել և անցկացնել տվյալ մրցույթը։


«Այս պահին խորհրդատուի ծառայությունների ձեռքբերման գնման հայտը գնումների վարչությունում է կամ այսօր կլինի, և այս շաբաթվա ընթացքում կկարողանանք մրցույթը հայտարարել 30 օր տևողությամբ», – նշեց քաղաքապետի խորհրդականը։


Թևանյանը հայտնեց, որ խորհրդատուին կտրամադրվի 45 օր (6 աշխատանքային շաբաթ)՝ քաղաքապետարանի հետ համատեղ ամբողջական մրցութային փաթեթը մշակելու համար, որից անմիջապես հետո կհայտարարվի արդեն ներդրողի ներգրավման երկփուլ մրցույթը։


Leave a comment