Սիրիայում փակել են ահաբեկիչների ընտանիքների ամենամեծ ճամբարը

Բաժանորդագրվել

Սիրիայում ԻՊ-ի ոչնչացումից հետո ճամբարում բնակվում էր ավելի քան 70 հազար մարդ՝ գրոհայինների կանայք ու երեխաներ։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Սիրիայի Ալ-Հոլ ճամբարը, որը հայտնի էր այնտեղ բնակվող ԻՊ* ահաբեկիչների ընտանիքների ամենամեծ թվով, փակվել է մարդկանց վերջին խմբին դուրս բերելուց հետո։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով սիրիական լրատվամիջոցներին։

«Ալ-Հոլ ճամբարը փակվել է այնտեղից մարդկանց վերջին շարասյան մեկնելուց հետո»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ վերջին խմբում ընդգրկված է եղել 17 ընտանիք՝ ընդհանուր 66 հոգի, այդ թվում՝ կանայք և երեխաներ։

«Այս քայլն իրականացվել է վերաինտեգրմանն աջակցելու և ընտանիքներին իրենց կյանքն անվտանգ ու արժանապատիվ վերսկսելուն օգնելու ջանքերի շրջանակում»,-հայտարարել է աղբյուրը Սիրիայի անվտանգության ծառայությունից։

Սիրիական լրատվամիջոցները փետրվարի 17-ին հայտնել էին, որ Ալ-Հոլ ճամբարի (որտեղ պահվում էին ԻՊ* ահաբեկչական կազմակերպության անդամները) հարյուրավոր բնակիչներ տեղափոխվել են Հալեպից հյուսիս գտնվող Ախթարին քաղաքի ճամբար։

Financial Times թերթը փետրվարի 19-ին հայտնել էր, որ Ալ-Հոլ ճամբարի ավելի քան 24 հազար կալանավորներ «անաղմուկ անհետացել են», երբ այդ տարածքն անցել է Սիրիայի կառավարության վերահսկողության տակ։

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական կազմավորումները հունվարի 20-ին հայտարարել էին Ալ-Հոլ ճամբարից իրենց ստորաբաժանումների դուրսբերման մասին՝ միջազգային հանրությանը մեղադրելով մի քանի տասնյակ պետություններից սերող հազարավոր ԻՊ* ահաբեկիչների խնդիրը լուծել չցանկանալու մեջ։

2019 թվականին ստեղծված Ալ-Հոլ ճամբարը համարվում էր ԻՊ* ահաբեկչական խմբավորման ժառանգության հետ կապված ամենախոշոր և ամենախնդրահարույց օբյեկտը։ Սիրիայում ԻՊ-ի ոչնչացումից հետո ճամբարում բնակվում էր ավելի քան 70 հազար մարդ՝ գրոհայինների կանայք ու երեխաներ, ինչպես նաև անձինք, որոնք համարվում էին ծայրահեղական կառույցների հետ կապ ունեցողներ։

*ԻՊ («Իսլամական պետություն») – ահաբեկչական խմբավորում, արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում։

Leave a comment