Վարդանյանը Իսլամական խորհրդարանի հարյուրավոր մուսուլման հոգևորականների հիացմունքն ու զարմանքն էր առաջացնում

Ճարտարագետ Վարդան Վարդանյան

(1943-2026 թ.)

Իրանահայ ազգային-հասարակական անվանի գործիչ Վարդան Վարդանյանին վերջին անգամ տեսա 2025 թ. խոր աշնանը` երևանյան իրենց շենքի մոտ, երբ ընտանյոք պատրաստվում էին Իրան վերադառնալ։ Շատ հյուծված էր և ձեռքին արհեստական շնչառության սարք կար։ Ցավոք զգում էի, որ մեր վերջին հանդիպումն է լինելու. ես նրա հետ շատ հուշեր ունեմ` որպես կուսակցական, Իրանի Իսլամական խորհրդարանի 16 տարվա պատգամավոր, մեր գերդաստանի բարեկամ և պաշտոնական այցելությունների ժամանակ նրան ընկերակցող լրագրող։

Վարդանյանը 1984-2000 թթ. Իրանի խորհրդարանում եղել է Հյուսիսային իրանահայության պատգամավորը։ ԻԻՀ-ի 47-ամյա պատմության ընթացքում մենք ունեցել ենք խորհրդարանի 11 հայ պատգամավոր, բայց ոչ մեկը Վարդանի չափ ճանաչված, սիրված ու հարգված չի եղել։ Վարդանյանը թեկուզ քսան տարուց ավել այլևս պատգամավոր չէր, բայց քաղաքացիները փողոցում, եկեղեցում կամ միությունում նրան տեսնելիս դեռ իրենց հարցերն ու խնդրագրերն էին ներկայացնում։

Նա անձամբ ճանաչում էր Իրան-Իրաք պատերազմի հայ զոհերի ընտանիքներին և նրանք պատգամավորի հատուկ հոգածության առարկան էին։ 1984 թ. Վարդանյանի կյանքում անկյունադարձային եղավ, երբ նա գրանցվեց և ընտրվեց որպես խորհրդարանի պատգամավոր։ Հրայր Խալաթյանի ժամկետը լրանալուց հետո ՀՅԴ-ին հարող ուժերը երեք հոգու թեկնածություն ներկայացրեցին, քանի որ ԻԻՀ-ի օրենքների համաձայն Սահմանադրության Պահապան խորհուրդը հաստատում կամ մերժում էր թեկնածուներին։ Այդ օրերին Վարդան Վարդանյանը գործունյա էր Հայ համալսարանականների միությունում, բայց հասարակական լայն ճանաչում չուներ. նա ցուցակի երրորդն էր։ Մենք արդեն հայաբնակ թաղերի ամբողջ պատերը ողողել էինք առաջին թեկնածու Նորայր Էլսայանի մեծադիր լուսանկարներով, երբ երեկոյան պարզվեց, որ ԻԻՀ իշխանությունները մերժել են Էլսայանի և երկրորդ թեկնածու Սերոժ Սուքիասյանի թեկնածությունը։ Ընտրությունների օրը մոտենում էր և մենք ընտրողների մոտ շփոթ չառաջանալու համար մինչև լուսաբաց աշխատեցինք և Էլսայանի լուսանկարների վրա Վարդանյանի լուսանկարները տեղադրեցինք. փոփոխությունն այնքան կայծակնային եղավ, որ անգամ զարմացրել էր մեծ թվով համակիրների։

Այսպիսով Իրանի գաջի գործարանի մեխանիկայի ինժեները, որը բարվոք կյանքի տեր էր և ճանաչված մասնագետ, ընտրվեց որպես խորհրդարանի պատգամավոր և ծառայեց չորս ժամկետ։ Իրանուհի գրող և բանաստեղծ Փարվին Էթեսամին հայտնի մի ակնարկ ունի, որտեղ մզկիթում աղոթապետն ասում է մուսուլմանը պետք է առաքինի լինի` աշխատասեր, ճշտապահ և Աստվածավախ. ներկաներից մեկն ասում է մեր բակում ես նման մեկի ճանաչում եմ, բայց նա հայ-քրիստոնյա է։ Եվ իսկապես Վարդանյանը Իսլամական խորհրդարանի հարյուրավոր մուսուլման հոգևորականների հիացմունքն ու զարմանքն էր առաջացնում։

Ճարտարագետ Վարդանյանը խորհրդարանի Արդյունաբերության հանձնաժողովի անդամ էր. պատմում են, որ նա ժամեր վիճում էր կառավարության ներկայացրած ծախսատար նախագծերի համար, փաստում էր մսխումները և խնայողության ձևեր էր առաջարկում։ Հանձնաժողովի անդամները, որոնց մի մասն էլ հոգևորական էին, միայն Վարդանյանի խոսքով էին առաջնորդվում։ Ճարտ. Վարդանյանը խորհրդարանի նախագահ, ապա նաև հանրապետության նախագահ Ռաֆսանջանիի գլխավորությամբ տարբեր գործուղումների է մեկնել և Իրանի շահերն է պաշտպանել։

Հայաստանի 1988 թ. երկրաշարժի ժամանակ նա ԻԻՀ-ի գլխավոր խորհրդականն էր և օգնության համակարգողը։ Վարդանյանը և Հարավային իրանահայության պատգամավոր Արտավազդ Բաղումյանը ԻԻՀ-ի իշխանությունների հանձնարարությամբ Իրանի Կարմիր Մահիկի երկու ինքնաթիռ օգնությունը Երևան հասցրեցին և վարչապետի հարյուր հազար դոլարի օգնության չեկը ևս անձամբ Վազգեն Վեհափառին հանձնեցին։

Ճարտարագետ Վարդանյանը Իրանի հայաբնակ քաղաքներում ուներ գրասենյակներ, մոտ շփում ուներ բնակիչների և գործարար շրջանակների հետ և հետևողական էր նրանց հարցերի լուծման համար։ Ընտրությունների պարտված թեկնածուներն անգամ մեծ հարգանք ունեին Վարդանյանի հանդեպ և նրա հետ իրենց առօրյա շփումը պահպանում էին։

Վարդան Վարդանյանը ծնվել էր 1943 թ. Նոր-Ջուղայում, բարձրագույն ուսում էր ստացել Թեհրանում, ամուսնացած էր, ունի երկու աղջիկ և մեկ թոռ։

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment