Գեղարքունիքի մարզի Լեւոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում այս օրերին թեժ եռուզեռ է։ Փորձասենյակից դերասանների բարձր ձայներն են լսվում, որոնք երբեմն ընդհատվում են գլխավոր ռեժիսոր Արմեն Դալլաքյանի դիտարկումներով։ Նոր բեմադրությանն են պատրաստվում․ շուտով հանդիսատեսի դատին կհանձնվի Հայկ Հակոբյանի «Չմոտենանք ինձ, տիկի՛ն» պիեսը։ Մոտ 4 ամիս առաջ է Արմեն Դալլաքյանն ընդունել տնօրեն Հայկ Ղափանցյանի առաջարկն ու տեղափոխվել այստեղ։ «Իհարկե, հեշտ չէ՝ աշխատել է պետք, ու կարծում եմ, հանդիսատեսը կզգա թատրոնի խաղացանկի փոփոխությունները»,-ասում է Արմեն Դալլաքյանը։ Մինչեւ վերջ չի բացում փակագծերը, ասում է՝ ամեն ինչ ժամանակին։
Թատրոնում միշտ էլ բեմադրվել են համաշխարհային հեղինակների գործեր, զգալի տեղ հատկացնելով ազգային դրամատուրգիային` ապահովելով բազմաժանր խաղացանկ: Այսօր էլ թատրոնի խաղացանկում դրամաներ, կատակերգություններ, և, իհարկե, մանկական ներկայացումներ են։
Անցած տարվա դեկտեմբերին «Հրաշքի վերադարձը» ամանորի մանկական ներկայացումն են բեմադրել ու հանդիսատեսը ջերմությամբ է այն ընդունել։
Ստեղծագործ մարդկանց համար դժվար է նոր մարդու մուտքը իրենց աշխարհ։ Արդյոք երեւանցի ռեժիսորին սվիններո՞վ չեն ընդունել՝ հարցնում ենք։ «Չէի ասի, եթե դու պաշտպանական վահանով չես եկել ու թուր չես ճոճում՝ ոչ մեկը սվին չի գործածի։ Թատրոնի պրոֆեսիոնալ ու փորձառու ստեղծագործական կազմը համալրել են նոր երիտասարդ դերասաններ․ անվանի դերասանուհի Արսինե Նավասարդյանին, երիտասարդ ռեժիսոր Վարուժան Մաթեւոսյանին եմ հրավիրել, էլի շատերին։ Համերաշխ աշխատում ենք»,-նշում է գլխավոր ռեժիսորը։
Իհարկե, չի բացառում, որ 150-ամյա թատրոնի անունը ոմանք փորձեն փնովեն, բայց պատասխանը մեկն է՝ շուտով Լեւոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնն իր նոր խոսքը կասի, ինչպես արդեն ասում է մեկուկես դար։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: