«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը որոշում է կայացրել միանալ «Առաջարկ Հայաստանին» ծրագրին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ մասնակցել ընտրություններին: Այս մասին «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության համագումարի ընթացքում հայտարարել է կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Այս որոշումը Սուրենյանցը համարում է սպասված և տրամաբանական, քանի որ անցած վեց տարիների ընթացքում ԲՀԿ-ի և «Դեմոկրատական այլընտրանքի» միջև եղել է ինստիտուցիոնալ համագործակցություն։
«Ավելին, ես վստահ եմ, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շուրջ ստեղծվելու է ընդդիմադիր ամենամեծ կոնսոլիդացիան»,- ասել է Սուրենյանցը։
Փետրվարի 15-ին «Մայր Հայաստան» կուսակցությունը հայտարարեց, որ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու է «Բարգավաճ Հայաստան»-ի հետ համատեղ՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։
«Մայր Հայաստան»-ի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը նշեց, որ քննարկումների և երկխոսության արդյունքում դրական են համարել Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը և դրանով էլ կմասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
Նա հայտարարեց, որ «Մայր Հայաստանը» դառնալու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի համահեղինակ ու իր գաղափարներով, լուծումներով հարստացնելու է այն:
Ազգային ժողովի ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 7-ին։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտնել էր, որ իր «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագիրը քաղաքական, հանրային «Նոյյան տապան» է լինելու, որտեղ կհավաքվեն բոլոր հետաքրքիր առաջարկներն ու լուծումները։
The post «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը «Բարգավաճ Հայաստան»-ի հետ կմասնակցի ընտրություններին appeared first on CIVILNET.