Կաթողիկոսը ցուցմունք չի տվել․ փաստաբան Արա Զոհրաբյան

Կաթողիկոսի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման գործի շրջանակներում որևէ գործողություն չի արվել։ Այս մասին փետրվաի 22-ին Մայր Աթոռի բակում լրագրողներին ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ 

«Վեհափառ հայրապետը հենց այդ օրը հրաժարվել է ցուցմունք տալ, քանի որ ուներ այդ իրավունքը, բնականաբար, որևէ գործողություն չի կատարվել, և մեր գնահատմամբ՝ այդ քրեական վարույթն էլ նպատակ ուներ խոչընդոտելու Եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը և այդ նպատակին էլ ծառայեց։ Սա մեր երկրի ամենաամոթալի էջերից մեկն է, որը սերունդները զզվանքով են կարդալու»,- ասաց Զոհրաբյանը։

Անդրադառնալով մյուս վեց բարձրաստիճան հոգևորականերին, որոնք անցնում են նույն գործով՝ Զոհրաբյանը ասաց․ «Բոլորն էլ մեղադրվում են, իբրև թե, դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ, բայց մենք լավ գիտենք, որ այդ դատական ակտով ներխուժել են եկեղեցական կյանք»։

Ինչում է մեղադրվում Կաթողիկոսը

Մասսյացոտնի թեմի կարգալույծ արված առաջնորդը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, աշխարհիկ անունը՝ Արման Սարոյան, շաբաթներ առաջ հայց էր ներկայացրել դատարան ընդդեմ Մայր Աթոռի որոշման՝ պահանջելով իրեն վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում։ Դատարանը շատ կարճ ժամանակահատվածում նիստ էր գումարել և որոշել, որ Սարոյանը պետք է վերականգնվի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Կաթողիկոսը Սարոյանին պաշտոնից ազատել էր հունվարի 10-ին։ Սարոյանը այն 10 եպիսկոպոսներից է, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փաստաթուղթ են ստորագրել և պահանջում են կաթողիկոսի հեռացումը։

Հունվարի 31-ին արգելվեց մի շարք բարձրաստիճան հոգևորականների ելքը երկրից։ Որպես մեղադրյալ Քննչական կոմիտե էին հրավիրվել Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին։ Եպիսկոպոսները մեղադրվում են նույն գործով՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։

The post Կաթողիկոսը ցուցմունք չի տվել․ փաստաբան Արա Զոհրաբյան appeared first on CIVILNET.

Leave a comment