Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Մերձավոր Արեւելքի եւ Ծոցի շրջանում ԱՄՄՆ ներկայումս կենտրոնացրած ուժերը առավելագույն են 2003 թվականի իրաքյան արշավից հետո: Ավելին, ըստ որոշ գնահատականների, ներկայումս կենտրոնացած է ավելի մեծ թվով զինուժ, քան այն ժամանակ:
Այս ամենը շատ թանկ է թե ֆինանսական, թե իմիջային առումով: Հետեւաբար տպավորություն է, որ անգամ Իրանի հետ որեւէ համաձայնության դեպքում, ամերիկյան հսկայական կոնտինգենտը պետք է ինչ որ հարցում, ինչ որ մասով դրվի գործի, որպեսզի Թրամպը՝ որը այդ հսկա նավատորմը ուղարկել է այնտեղ, չհայտնվի հիմար վիճակում:
Իհարկե մյուս կողմից նա կարող է հայտարարել, եթե հաջողվի Իրանի հետ գալ դիվանագիտական համաձայնության, որ հենց այդ հսկա նավատորմի միջոցով կարողացավ Իրանին բերել համաձայնության դաշտ, այլապես Թեհրանը հրաժարվում էր բանակցել:
Թրամպը կասի, ո՞վ է նրան բան ասելու: Իսկ Թեհրանն էլ գուցե առանձնապես չի հակաճառի: Ի վերջո իրանյան կողմի համար ներկայումս գլխավորը թեժացում թույլ չտալն է, իսկ Թրամպի պարծենալը՝ հոգ չէ: Ինչպես 12-օրյա պատերազմի վերջում, երբ Թրամպը հայտարարեց, որ ամերիկյան հարվածով ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը: Արեւմտյան ու իսրայելական մի շարք շրջանակներ պնդում էին հակառակը, ակնկալիքով, որ պատերազմը շարունակվի: Սակայն Իրանն էլ իր հերթին սկսեց հայտարարել, թե ծրագիրը ոչնչացված է:
Կրկնեմ, Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամպի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործաքի:
Բայց, այդուհանդերձ, դժվար պատկերացնելի է ռեգիոնում ամերիկյան զինուժի մեծ կուտակման հենց այնպես՝ հավաքվել տուն գնալով պարպվելը: Մյուս կողմից իհարկե, Իրանի հարցը դեռ ամբողջ Մերձավոր Արեւելքի վերաֆորմատավորման հարցը չէ, այլ դրա մի կարեւոր, բայց ընդամենը մասը: Այնպես որ Թրամպին ռեգիոնում դեռ կարող է պետք գալ զինուժը»: