ԱԱ-2026․ Պորտուգալիա-Կոնգո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱԱ-2026-ի խմբային փուլի K խմբի առաջին տուրում Պորտուգալիայի հավաքականը ոչ-ոքի (1:1) ավարտեց հանդիպումը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ընտրանու հետ։
Հանդիպման հաշիվն արդեն 6-րդ րոպեին բացեց պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Նևեշը։ Սակայն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում (45+5′) կոնգոլեզցի Յոան Վիսան վերականգնեց հավասարությունը՝ խփելով Կոնգոյի ԴՀ-ի պատմության մեջ առաջին գոլը աշխարհի առաջնություններում։
Աֆրիկյան այս հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ է մասնակցում Մունդիալին (նախորդը 1974 թվականին էր, երբ թիմը հանդես էր գալիս Զաիր անվան տակ)։
Ուշագրավ է, որ Կոնգոյի ԴՀ-ի հայտացուցակում էր նաև հայկական «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն, ով, սակայն, ամբողջ հանդիպումն անցկացրեց պահեստայինների նստարանին:
Պորտուգալիայի հավաքականի 41-ամյա ավագ Կրիշտիանու Ռոնալդուն խաղաց առանց փոխարինման, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չընկավ։
Նա խաղադաշտ դուրս եկավ իր կարիերայի 6-րդ աշխարհի առաջնությունում՝ կրկնելով արգենտինացի Լիոնել Մեսսիի ռեկորդը: Բացի այդ, Ռոնալդուն դարձավ Մունդիալների պատմության մեջ մեկնարկային կազմում ընդգրկված ամենատարեց դաշտային խաղացողը։
Այս խաղից հետո Պորտուգալիան ու Կոնգոյի ԴՀ-ն վաստակեցին մեկական միավոր և զբաղեցնում են K խմբի մրցաշարային աղյուսակի առաջին ու երկրորդ հորիզոնականները։
Երկրորդ տուրում՝ հունիսի 23-ին, պորտուգալացիները կմրցեն Ուզբեկստանի, իսկ կոնգոլեզցիները հունիսի 24-ին կհանդիպեն Կոլումբիայի հետ։