Պուտինի, Թրամփի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ երեք շաբաթից․ Ուիտքոֆ

Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ երեք շաբաթվա ընթացքում։ Այս մասին Fox News-ին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը։

Նրա խոսքով՝ Թրամփը չէր մասնակցի եռակողմ հանդիպմանը, եթե վստահ չլիներ, որ այն կհանգեցնի պայմանավորվածության հաստատմանը և «ավելի լավ արդյունքի»: Ուիտքոֆը հույս է հայտնել, որ աշխարհը կարող է «լավ լուրեր» լսել այս հարցի վերաբերյալ առաջիկա շաբաթներին։

Ուիտքոֆը խոստովանել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միշտ ազնիվ է եղել իրենց հանդիպումների ընթացքում:

«Այդ պատճառով ես կարծում եմ, որ այդ հանդիպումները կարևոր են, և հուսով եմ, որ մենք կկարողանանք ավարտին հասցնել այդ ամենը»,- նշել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը:

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել փետրվարի 17-18-ին Ժնևում: Բանակցությունների երկրորդ օրվա արդյունքների մասին Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին նշել էր, որ քննարկումները ծանր էին, բայց գործնական: Նա հայտարարել էր, որ առաջիկայում կլինեն նոր հանդիպումներ:

The post Պուտինի, Թրամփի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ երեք շաբաթից․ Ուիտքոֆ appeared first on CIVILNET.

Leave a comment