Սիրանուշ Ադամյան
Բաքվի բանտում ավելի քան երկու տարի անցկացնելուց և Ադրբեջանի ռազմական դատարանի կողմից 20 տարվա ազատազրկման դատապարտվելուց օրեր անց, Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում փոխանցել է իր ուղերձը՝ երախտագիտության խոսքեր և այն, ինչ ինքն անվանում է կյանքի բանաձև։
Վարդանյանը, որը 2023-ի սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո ձերբակալվել էր և առանձին գործով դատապարտվել 20 տարվա ազատազրկման, իր դատավարությունը բնութագրել է որպես «արդարադատության իմիտացիա»։ Փետրվարի 17-ի նրա դատավճռին նախորդել էր Արցախի նախկին յոթ բարձրաստիճան պաշտոնյաների դատավճռիներին։
Ընտանիքի հետ հեռախոսազրույցը, որը հրապարակվել է շաբաթ օրը,, Վարդանյանի հրապարակային առաջին ուղերձն է բանտից իր դատավճռի հրապարակումից հետո։
Հեռախոսազրույցի ընթացքում Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն և իր ընտանիքին։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր անհանգստանում են ինձ համար։ Գիտեմ, որ շատերդ զանգել և խոսել եք Վերոնիկայի, իմ ընտանիքի և սիրելիների հետ։ Ուզում եմ խորին երախտագիտություն հայտնել ձեր աջակցության, բարության, մտքերի, հույզերի և զգացմունքների համար։ Ես ամեն ինչ զգում եմ և շատ շնորհակալ եմ, որ աջակցում եք ինձ ու իմ ընտանիքին»,- ասել է նա։
Վարդանյանը կարդացել է 14-15-րդ դարերի փիլիսոփա-բանաստեղծ Իմադ ադ-Դին Նասիմիի տողերը՝ Կոնստանտին Սիմոնովի ռուսերեն թարգմանությամբ, կատարելով նաև սեփական փոփոխությունը վերջին հատվածում.
«Хотя сегодня Варданян я, я гуманист и армянин,
я меньше, чем моя же слава, но я и в славу не вмещусь»։
Նա նշել է, որ Նասիմիի փիլիսոփայությունը մեծ ազդեցություն է ունեցել իր վրա և ընդգծել, որ տարբեր աղբյուրներում հանդիպող գաղափարների արմատը նույնն է՝ իմաստությունը, թեև ձևերը տարբեր են։
Վարդանյանը կիսվել է նաև իր կյանքի կարճ և երկար բանաձևերով՝ դրանք նվիրելով իր կնոջը։
«Ապրե՛ք պարզ, սիրե՛ք շռայլ, հո՛գ տարեք ի սրտե, խոսե՛ք սրտանց, անընդհատ սովորե՛ք, ճանաչե՛ք ինքներդ ձեզ, հավատացե՛ք առանց կասկածի, մի՛ վախեցեք մահից, ներե՛ք և մի՛ դատեք, ու անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով»։
Նա կոչ է անում ապրել «100 տոկոս ներկա ակնթարթով», սիրել և տալ առանց փոխհատուցում ակնկալելու, հավատալ առանց մոլեռանդության, սովորել՝ ճանաչելով ինքն իրեն և աշխարհը, չվախենալ մահից, բայց նաև չարագացնել այն, և «անվախ քայլել ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն»։
21,000 ժամ բանտում
Վարդանյանը նշել է, որ վերջերս նշանավորել է յուրատեսակ «հոբելյան»՝ բանտում անցկացրած 21,000 ժամը։
«75 միլիոն ակնթարթ։ Եվ երբ ապրում ես այս մասշտաբով, հանկարծ հասկանում ես, թե որքան տարբեր է զգացվում ամեն ինչը՝ ամեն պահը»,- ասել է նա։
Նա նաև շնորհակալություն է հայտնել անծանոթ մարդկանց, որոնք իրեն նամակներ են գրում, ընդգծելով հատկապես ձեռագիր նամակների կարևորությունը։
«Ավելի հաճախ գրե՛ք ձեռքով։ Գրե՛ք նամակներ միմյանց։ Գրե՛ք ձեր սիրելիներին, ձեր ընտանիքին»,- ասել է Վարդանյանը՝ իր ուղերձը եզրափակելով սիրո և երախտագիտության խոսքերով։
Բաքվի դատավարությունները, որոնց շրջանակում դատապարտվել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները, միջազգային կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քննադատվել են որպես քաղաքական հաշվեհարդարի դրսևորումներ։
The post Ռուբեն Վարդանյանը ուղերձ է հղել Բաքվի բանտից appeared first on CIVILNET.