Սամվել Կարապետյանին համակրելու համար կին են կալանավորո՞ւմ․ չլսված պատմություն՝ Շիրակի մարզում

Անդրադարձել էինք, որ երեկ Շիրակի մարզում կնոջ են ձերբակալել։

Ըստ ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի, նրան ձերբակալել էին քաղաքական դրդապատճառով՝ գրառումներ կատարելու ու իշխանությանը քննադատելու համար։

Կինը մոտ 60 տարեկան է, ճանաչված դեմք չէ, Ախուրյան համայնքից է։

Այսօր Կարապետ Պողոսյանը Շիրակի մարզի քննչական  բաժնի շենքի դիմացից ուղիղ եթեր մտնելով՝ որոշակի մանրամասներ հայտնեց կատարվածից։

Նրա տեղեկացմամբ՝ կինը համակրել է  Սամվել Կարապետյանին ու նրա  հիմնած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։ Նա  սոցիալական ցանցերում իր լուսանկարն ու ետնանկարը փոխելով՝ տեղադրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության լոգոն։ Դրանից հետո, ըստ Կարապետ Պողոսյանի, նա ընկել է զավեշտալի պատմության մեջ։

Կարապետ Պողոսյանը պատմեց հետևյալը․«Մարդն արել է այն, ինչ օրենքով նրան չի արգելվել, որից հետո նրա հետ կապ է հաստատել մայրաքաղաքից Էվելինա անունով նիկոլական կանանցից մեկը՝ սպառնալով՝ «Եթե  աշխատես Սամվել Կարապետյանի օգտին, կփտես բանտերում»։  Ախուրյանցի կինը հակադարձել է, թունդ վիճել են, որից հետո  Էվելինան որոշել է  այս կնոջ անուն-ազգանունով ֆեյսբուքյան էջ բացի ու  առերևույթ  հանցագործություններ պարունակող գրություններ գրի։

Կինը, տեսնելով, որ իր անուն-ազգանունով բացված է ֆեյք էջով սարսափելի բաներ են գրվում, մի շաբաթ առաջ ահազանգել է ոստիկանություն՝ 1-02 ու ասել, որ ինքն այդ էջի հետ կապ չունի, իր անունից կեղծ էջ են բացել և փաստեր ունի, որ դա արել է Էվելինան։

Ոստիկանությունում լսել, չեն արձագանքել, որևէ գործողություն չեն կատարել։ 4 օր անց կինն անձամբ է գնացել ոստիկանության Ախորյանի բաժին ու հաղորդում ներկայացրել հանցագործության մասին։

Ոստիկանության այդ բաժնում ժամեր շարունակ հաղորդում չեն ընդունել նրանից։ Եվ երբ նրան բառի իսկական իմաստով դուրս են արել ոստիկանության բաժնից, կինը մինչև հեռախոսով փորձել է տաքսի կանչել, ոստիկանը հետևից եկել է, թե պետի տեղակալը ձեզ ուզում է տեսնել։

Կնոջը տարել են ներս ու ձերբակալել։ Ձերբակալման հիմքում քննիչը գրել է, որ այդ պահին բխած անմիջական կասկածի հանգամանքներով է ձերբակալվել, բայց այդ պահին այդ կինը որևէ հանցանք չի իրականացրել»։

Ավելի ուշ Կարապետ Պողոսյանը հայտնեց, որ 72 ժամը լրանալուն պես՝  Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի ձերբակալվածների պահման վայրից կնոջն ազատ են արձակել, բայց աստիճանների վրա նրան նորից ձերբակալել են։

Մեր տեղեկություններով, նրան մեղադրանք է առաջադրվել ու այս պահին դատարանում քննվում է խափանման միջոցի հարցը, քննիչը միջնորդել է կալանավորել նրան։

Կարապետ Պողոսյանին հայտնի է դարձել, որ կնոջը կալանքի տանելու հանձնարարականն անմիջապես իջել է ՀՀ Քննչական կոմիտեի պետ Արթուր Պողոսյանի կողմից։

Իհարկե,  մենք կհետևենք զարգացումներին ու այս թեմայի շուրջ կստանանք նաև քննչական կոմիտեի պարզաբանումները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment