Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով «Ազգային կրթության խորհրդի» նախաձեռնած «Հայաստանի քանդվող ապագան՝ փակվող դպրոցներ»/ 231 դպրոցների փակման մասին հանրային քննարկմանը եւ հետազոտությանը, ինչպես նաեւ դրանց՝ ԿԳՄՍ նախարարության արձագանքին, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը հետեւյալը նշեց.«Մի կողմից այդ դպրոցների փակումը տրամաբանական է, քանի որ ունենք շատ փոքր դպրոցներ, աշակերտների թիվը փոքր է, նորմալ ուսուցիչներ էլ չկան, ահավոր վատ է կրթության որակը: Այսինքն՝ այդ տեսակի դպրոց պահելը խնդիր է: Մյուս կողմից էլ, դպրոցը փակելը, որոշակի պրոցեսներ, որոնք արդեն իսկ ընթանում են, ավելի սրելու է: Ակնհայտ է, որ այդ գյուղերից մարդիկ ավելի շատ են հակված լինելու դուրս գալ:
Մենք հիմա փոքր գյուղերում ունենք խնդիր, որ տղամարդիկ չեն կարողանում ամուսնանալ, որովհետեւ աղջիկները գնում են մարզկենտրոններ, մեծ բնակավայրեր, եւ եթե այդ գյուղերում դպրոցներ էլ չլինեն, չամուսնացած տղամարդկանց թիվն էլ ավելի կաճի: Գյուղի համար դպրոցը մշակութային օջախ է. երբ Վերջին զանգ է լինում, սեպտեմբերի 1, գյուղում կենդանության մթնոլորտ է լինում:
Մի խոսքով, սա հակասական թեմա է, բայց փաստն այն է, որ այս ծրագիրը, երբ իրականացվի, մենք Հայաստանում ունենալու ենք ավելի քիչ դպրոցներ, ավելի քիչ տնօրեններ: Դպրոցների փակում, ամեն դեպքում լինելու է, ինչքան էլ այլ բառերով դա ձեւակերպենք, կոչենք միավորում: Պարզ է, որ միավորման արդյունքում մյուս գյուղերի դպրոցներն այլեւս գոյություն չեն ունենալու: Եթե փակումից հետո գնանք X գյուղը, այնտեղ այլեւս դպրոց չի լինելու… Հիմա կարող եք համարել փակում, կարող եք ասել՝ բարելավում, բայց փաստն այն է, որ որոշ գյուղերում դպրոց չի լինելու »:
Մեր հարցին, եթե մի գյուղի դպրոցը միավորվում է մեկ այլ գյուղի դպրոցի հետ, եւ այդ գյուղի աշակերտներին ավտոբուսով տեղափոխելու են գյուղից գյուղ, ինչպե՞ս է կազմակերպվելու նրանց վերադարձի հարցը, եթե տարբեր դասարաններում դասերը տարբեր ժամերի են ավարտվում, Սերոբ Խաչատրյանը հետեւյալ կերպ արձագանքեց «Առաջին դասարանցիների դասերն ավարտվում են 11-ին, մյուսներինը՝ 12-ին, բարձր դասարանցիներինը շատ ավելի ուշ… Պարզ է, փորձելու են ինչ-որ ձեւով, երկարօրյա եւ այլ ծառայություններով երեխաներին պահել հարեւան գյուղի դպրոցում, բայց միեւնույն է, իմ կարծիքով այդ ավտոբուսն առնվազն 2-3 անգամ պետք է գնա, որովհետեւ չենք կարողանալու առաջին, երկրորդ դասարանի երեխային մինչեւ ժամը 1-ը, 2-ը պահել: Այս հարցերը պետք է ԿԳՄՍ նախարարությանն ուղղել, իրենք արդյո՞ք այդ հաշվարկներն անում են: Մեկ այլ հարց էլ կա՝ ծնողական ժողովները կամ դպրոցում կայացող միջոցառումները: Հիմա իրենք այդ ծնողներին տեղափոխելո՞ւ են իրենց երեխաների հանդեսին, թե՞ ասելու են ձեր հաշվին եկեք: Կարծում եմ՝ բոլոր դեպքերում ծնողների տեղափոխման հարցն էլ պետք է լուծել»:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ այն բնակավայրերին, որտեղ ձմռան սաստիկ ցրտերին կարող են ճանապարհները փակվել, ինչպե՞ս են երեխաներին այդ պարագայում հարեւան գյուղ տեղափոխելու: «Փառք Աստծո, ձմեռներն այդքան խիստ չեն, եւ առաջվա վիճակը չէ, երբ տեխնիկա չկար, եւ ճանապարհները կարող էին մեկ շաբաթով, 10 օրով փակվել: Բայց եթե մի 50 սմ ձյուն գա, երեխաները կարող են մի շաբաթ էլ դասի չգնալ: Շիրակի մարզում, Գեղարքունիքում կլիման ցուրտ է ավելի, երեխաները կարող է մի քանի օր չկարողանան դպրոց գնալ, նույնիսկ Երեւանում նման բան եղավ»,-ասաց կրթության փորձագետը:
Ինչ վերաբերվում է դպրոցների միավորման հետեւանքով շատ հաստիքների կրճատվելուն ու մարդկանց՝ աշխատանքը կորցնելուն, այդ մասին էլ նշեց. «Որոշ ուսուցիչներ խնդիր չեն ունենա, որովհետև փոքր գյուղերում ուսուցիչների կարիք շատ կա, իրենք աշխատանք կգտնեն, բայց հատկապես վարչական աշխատողների դեպքում կրճատումներ լինելու են՝ տնօրենի հաստիք է կրճատվելու, հաշվապահի, պահակի եւ այլն»:
Սերոբ Խաչատրյանը իդեալական համարեց այն մոդելը, որն առաջարկվել է ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի պաշտոնավարման ժամանակ. «Երբ նախարարը Լեւոն Մկրտչյանն էր, փոխնախարար Դավիթ Սահակյանի մոտ քննարկում եղավ, եւ իրենք հակված էին այն տարբերակին, որ մինչեւ 4-րդ դասարան բոլոր գյուղերում պահպանվեն դպրոցները՝ իբրեւ մյուս դպրոցի մասնաճյուղ, բայց այդտեղ աշխատեն միայն այն ուսուցիչները, որոնք 1-4-րդ դասարաններում են դասավանդում: Դա շատ լավ մոդել է, որովհետեւ 1-2-րդ դասարանների աշակերտներին գյուղից գյուղ տանելը լուրջ խնդիրներ է ստեղծելու»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: