Արցախի վերջին՝ 1222 քմ-ն վիճարկման առարկա է Հայաստանում

Հայկ Ղազարյան

Գևորգ Թոսունյան

2025-ի հունիսին Ազգային անվտանգության նախկին տնօրենի գրության հիման վրա դատախազությունը սկսեց ուսումնասիրություն ու դատական հայց ներկայացրեց՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի, որպեսզի վերացնեն Արցախի ներկայացուցչության սեփականության իրավունքը։ 1222 քմ մակերեսով հողամասն ու դրա վրայի շինությունները գրանցված են Լեռնային Ղարաբաղի հանրապետության կառավարության անվամբ։

2026-ի մայիսի 22-ին Արցախը կարող է զրկվել իր վերջին ու խորհրդանշական 1,222 քմ տարածքից։ Սա սեփականության սովորական վեճ չէ. Արցախի հարցում Հայաստանի իշխանությունների նոր արտաքին քաղաքականության համատեքստում այն այլ նշանակություն է ստանում։

Այս գործը ուշագրավ է նաև այն հանգամանքով, որ Հայաստանի վարչական ու վերադաս դատարանը չեն նույնականացրել «ԼՂՀ կառավարությանը»։

ԱԱԾ-ի տեղեկանքը՝ 18 տարվա ուշացմամբ․ ինչո՞ւ 

Գործընթացը սկսվեց ու զարգացավ կտրուկ։ 2025-ի հունիսի 9-ին Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արմեն Աբազյանը գրությամբ դիմեց Գլխավոր դատախազին՝ ներկայացնելով Նաիրի Զարյան 17/2 (նախկինում՝ 17ա) հասցեում գտնվող շենքի ձեռքբերման իրավական հիմքերի վերաբերյալ տեղեկանքը։

2025-ին Գլխավոր դատախազությունը հայց ներկայացրեց ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել 2007-ի պետական գրանցումը։ 

Չնայած անցած 18 տարիներին դատարանը հարգելի համարեց հայց ներկայացնելու ժամկետի բացթողումը՝ պատճառաբանելով, որ դատախազությունը միայն Ազգային անվտանգության ծառայության տեղեկանքից հետո է տիրապետել վիճարկվող վարչական ակտի փաստաթղթային տարբերակին։

Այստեղ տարեթվերը կարևոր են․ 2025-ի մայիսի վերջից ու հինիսին Արցախի ղեկավարության, մասնավորապես այդ ժամանակվա նախագահ Սամվել Շահրամանյանի նկատմամբ իրավապահների գործողությունների ակտիվ փուլն էր։ 2025-ի հունիսի 9-ին Ազգային անվտանգության տնօրեն Արմեն Աբազյանի գրությանը նախորդել էին հարցաքննություններ՝ այլ վարույթով։ 

Այս ամենը սկսվել էր ավելի վաղ՝ 2024-ի հունիսի 21-ին ուժայինները Արցախի ներկայացուցչությունում առգրավել էին նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենան՝ իր թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի գործով, իսկ 2025-ի դեկտեմբերին շենքում խուզարկություն  իրականացվեց՝ հիմնադրամների գործով։ Այդ խուզարկությունից մեկ օր առաջ, Արցախի ներկայացուցչությունում Արցախի Սահմանադրության օրվան (դեկտեմբերի 10) նվիրված խորհրդարանական լսումների ընթացքում քննադատություններ հնչեցին Հայաստանի իշխանությունների հասցեին։

Տիգրան Գրիգորյան, քաղաքագետ

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը նշում է, որ այս գործընթացը պետք է դիտարկել 2023-ից հետո որդեգրված քաղաքական դիրքորոշման համատեքստում։ Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները մի քանի անգամ հայտարարել են, որ պետության տարածքում չպետք է գոյություն ունենան զուգահեռ այլ պետական մարմիններ, խոսքը տվյալ պարագայում Արցախի պետական ինստիտուտների մասին է։ Գրիգորյանի պնդմամբ՝ ներկայացուցչության և պաշտոնյաների նկատմամբ իրականացվող բոլոր գործողություններն ու խուզարկությունները սպասարկում են հենց այդ օրակարգը։

Քաղաքագետն ընդգծում է, որ սա սերտորեն կապված է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ․ «Պարզ է, որ նմանատիպ պահանջ գոյություն ունի նաև Ադրբեջանից, և այս բոլոր գործողությունները միայն պետք է դիտարկել այդ տեսանկյունից»։ Ըստ փորձագետի՝ առանցքայինը քաղաքական խնդիրն է։

Նա եզրափակում է, որ ներկայում Արցախի ներկայացուցչության պահպանումը ԼՂՀ-ի սեփականության իրավունքով՝ ունի ավելի շատ սիմվոլիկ նշանակություն․ «Կարծում եմ նախ կա Ադրբեջանի պահանջ այդ մասին, որոնք չպետք է գոյություն ունենան այդ կառույցները և այդ իսկ պատճառով ամեն անգամ, երբ ինչ-որ հայտարարություն է լինում, այս ճգնաժամը սրվում է»։

Մեկ պայմանագրի բացակայությունը՝ ընդդեմ Կառավարության որոշման

Արցախի ներկայացուցչությանը Երևանում գույք տրամադրելու գործընթացը սկսվել է դեռ առաջին նախագահի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման օրոք։ 1997-ի ապրիլի 15-ին կառավարությունը՝ ղեկավար Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ որոշում է ԼՂՀ կառավարությանը շենք նվիրել։ 

Նույն որոշումն ունի նաև երկրորդ կետ, ըստ որի՝ Երևանի քաղաքապետը պետք է մեկամսյա ժամկետում ապահովեր շենքի նվիրատվությունն ու հողօգտագործման համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը։

ԼՂՀ ներկայացուցչության կադաստրային փաստաթղթերում, սակայն, չկա որևէ տվյալ, թե արդյոք այս պայմաններն ապահովվել են։ Սա էլ հիմք է հաննդիսացել, որ դատախազությունը մտնի դատարան։

Այդուհանդերձ, դեռևս 2006-ին Երևանի քաղաքապետարանը, հիմք ընդունելով ԼՂՀ մշտական ներկայացուցչի դիմումը, որոշմամբ ձևակերպեց «ԼՂՀ կառավարությանը» պատկանող շենքի զբաղեցրած հողամասի նկատմամբ անհատույց (մշտական) օգտագործման իրավունքը։

Ըստ հայցի՝ ՀՀ կառավարության որոշումից հետո Երևանի քաղաքապետարանը պետք է կնքեր նվիրատվության պայմանագիր, սակայն այդ պայմանագիրը չի կնքվել: Այսինքն՝ սեփականության իրավունքը գրանցվել է առանց հիմք հանդիսացող նվիրատվության պայմանագրի:

Անշարժ գույքի նկատմամբ պետական գույքի 2007-ի գրանցուման հիմքում ընկած են՝ ՀՀ կառավարության 1997-ի շենք նվիրելու և Երևանի քաղաքապետի 2006-ի հողօգտագործման մասին իրավունքը ձևակերպելու որոշումները։

Դատախազությունը պնդում է, որ 2007-ի գրանցումը կատարվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի հոդվածների խախտմամբ։ Ուստի եզրահանգել են, քանի որ գրանցումը կատարվել է օրենքի խախտմամբ, այն համարվում է ոչ իրավաչափ վարչական ակտ, որը ենթակա է անվավեր ճանաչման։

Ռոման Երիցյան, փաստաբան

Արցախի նախագահի ներկայացուցիչ, փաստաբան Ռոման Երիցյանը հակադարձում է, որ կառավարությունը դեռևս 1997-ին իր որոշմամբ կամովին հրաժարվել է այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից և այն հատկացրել է Արցախի կառավարությանը։ Հետևաբար Հայաստանը 1997-ից սկսած որևէ հավակնություն չի ունեցել այդ շենքի նկատմամբ։

Ըստ փաստաբանի՝ դատախազության վկայակոչած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքն ուժի մեջ է մտել 1999-ին, մինչդեռ իրավունքը ծագել է 1997-ին։ Նա նաև նշում է, որ համաձայն այդ ժամանակ գործող ՀԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի՝ պետական մարմնի որոշումն ինքնին իրավունքի ծագման հիմք էր։

«1964-ի օրենսգրքով սեփականության իրավունքը ծագում էր ոչ թե գրանցման պահից, այլ պետական մարմնի որոշման հիման վրա»,- նշում է փաստաբանը։

Բացի այդ, նրա համոզմամբ՝ Կառավարության որոշմամբ նախատեսված մեկամսյա ժամկետը վերաբերել է միայն հողամասի սահմանների ճշտմանը, այլ ոչ թե պայմանագրի վերջնական կնքմանը։ 

Ինչու և ինչպես դատարանը չներգրավեց Լեռնային Ղարաբաղի կառավարությանը՝ որպես երրորդ անձ

Թեև սեփականության վկայականում նշված է, որ հողամասի սեփականատերը Լեռնային Ղարաբաղի կառավարությունն է, վարչական դատարանը՝ դատավոր Կարեն Զարիկյանի նախագահությամբ, երրորդ անձ կառավարության ներկայացուցչին չի ընդգրկել։

Ըստ դատարանի պատճառաբանության՝ Վարչական դատավարության օրենսգրքի համաձայն երրորդ անձ է համարվում այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը կամ մարմինը, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով։ Երրորդ անձ են համարվում նաև այն մարմինը կամ պաշտոնատար անձը, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը։

Կարեն Զարիկյան, դատավոր

Դատարանն արձանագրել է, թե 2025-ի հուլիսի 17-ին դատարան ներկայացված միջնորդությունում՝ որպես երրորդ անձ ներգրավվելու ենթակա սուբյեկտ, նշված է «Արցախի Հանրապետություն», մինչդեռ միջնորդությունը չի բովանդակում թվարկված սուբյեկտներից որևէ մեկի հետ նույնականացվող տվյալներ։ Մյուս կողմից դատարանը նկատել է, որ սեփականության վկայականում, որպես վիճարկվող գրանցման հասցեատեր, նշված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը։ Այս դեպքում էլ դատավորը եկել է նույն եզրահանգման, թե «միջնորդությունը չի բովանդակում վիճարկվող գրանցման հասցեատիրոջ հետ նույնականացվող տվյալներ»:

Մերժման առանցքային պատճառներից մեկը ներկայացուցչի լիազորությունների պատշաճ հավաստման բացակայությունն է։ Դատարանն արձանագրել է, որ փաստաբան Ռոման Երիցյանի կողմից ստորագրված միջնորդությանը կից չի ներկայացվել «ԼՂՀ կառավարության» անունից հանդես գալու իրավասությունը հավաստող ապացույց։ Ավելին, ներկայացված լիազորագիրը տրված է եղել Աշոտ Դանիելյանի կողմից 2025-ի օգոստոսի 1-ին, սակայն ըստ դատավորի եզրահանգման՝ գործում առկա չի եղել ապացույց այն մասին, որ վերջինս իրավասու է հանդես գալ ԼՂՀ կառավարության անունից։ Չնայած ներկայացուցչի փաստարկին, որ Աշոտ Դանիելյանը՝ որպես «Արցախի Հանրապետության» Ազգային ժողովի նախագահ, Արցախի Սահմանադրության 87-րդ և 100-րդ հոդվածների ուժով իրականացնում է Հանրապետության նախագահի լիազորությունները, դատարանը գտել է, որ այդ կարգավիճակը հավաստող փաստաթղթերի բացակայությունը թույլ չի տալիս հաստատված համարել լիազորման շղթան։

ԼՂՀ սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահը գործադիր իշխանության ղեկավարն է: Վարչական դատավարության օրենսգրքի համաձայն էլ՝ «եթե դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ»։ Այսինքն՝ ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև Լեռնային Ղարաբաղի կառավարության վրա, որն էլ հենց սեփականատերն է, սակայն դատարանն իր պարտավորությունը տվյալ դեպքում չի էլ փորձել իրականացնել։

Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը և անորոշության գործոնը

Փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, սակայն դատարանը 2025-ի նոյեմբերին հաստատել է Վարչական դատարանի դիրքորոշումը։ Վերաքննիչն ընդգծել է, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս Արցախի Հանրապետության» ձևակերպումն ինքնին չի փարատում նույնականացման անորոշությունը։

Դատարանը գտել է, որ միջնորդության թերությունները և սուբյեկտի նույնականացման անհնարինությունը թույլ չեն տալիս իրացնել պարտադիր ներգրավման լիազորությունը։ Արդյունքում դատարանը մերժել է բողոքը՝ հիմնվելով այն փաստի վրա, որ բացակայում է ԼՂՀ կառավարության անունից Աշոտ Դանիելյանի հանդես գալը հավաստող ապացույցը, ինչն, ըստ դատարանի, խաթարում է սուբյեկտի նույնականացման գործընթացը։

Իր բողոքում փաստաբանը հիշեցրել է Արցախի Սահմանադրության 100-րդ հոդվածը, ըստ որի՝ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահը։ Միջնորդության մեջ նաև ներկայացրել է Աշոտ Դանիելյանին Արցախի Ազգային ժողովի նախագահ ընտրելու մասին որոշման պատճենը։ Վերաքննիչ դատարանն այս ամենը հիմնավոր չի համարել։

Պաշտպանական կողմը որակում է որպես դատավարական իրավունքների կոպիտ խախտում։

«Քննվում է անձին սեփականազրկելու հարց՝ առանց այդ անձին մասնակից դարձնելու։ Այդ նույն տրամաբանությամբ՝ կարող ենք բոլորս սեփականազրկվել։ Մենք զրկվում ենք մեր դիրքորոշումը ներկայացնելուց և հնարավոր դատական ակտը բողոքարկելու հնարվորությունից»,- ասում է փաստաբան Ռոման Երիցյանը։ 

Ինչպես 2006-ի, այնպես էլ 2017-ի Արցախի սահմանադրություններով ամրագրված է, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» և «Արցախի Հանրապետություն» անվանումները նույնական են։

Ըստ Ռոման Երիցյանի՝ իրենք ունեն 2022-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից տրված փաստաթուղթ, որով Արցախի ներկայացուցչությունը հանդիսանում է դիվանագիտական մարմին։

«Ո՞ր պահից է որոշվել, որ նման սուբյեկտ չկա, եթե 2022-ին ընդունում էիք»,- հռետորական հարց է տալիս փաստաբանը։ 

Դատարանը «նկատել» է «Ֆիդես» հիփոթեքային ընկերությանը

Վեճի տարածվում է նաև մասնավոր հատվածի վրա։ Դատախազությունը պահանջում է չեղարկել նաև «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ունեվերսալ վարկային կազմակերպության օգտագործման իրավունքը, որը 2010-ից ի վեր զբաղեցնում է շենքի 33.2 քմ տարածքը։ Ի տարբերություն Արցախի կառավարության, «Ֆիդեսին» դատարանը ներգրավել է որպես երրորդ անձ։ Սա ստեղծում է պարադոքսալ իրավիճակ, որտեղ շենքի մի փոքրիկ հատվածի օգտագործողը ներկա է դատարանում, իսկ ամբողջ գույքի սեփականատերը՝ ոչ։

«Ֆիդես»-ին շինություն է տրամադրվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» (Արցախի) կառավարության հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրերի հիման վրա, որոնց հիման վրա Կադաստրի կոմիտեն գրանցել է կազմակերպության  անհատույց օգտագործման իրավունքը։ 

Վճռի սպասումով. քաղաքական, թե՞ իրավական որոշում

Գործն այժմ գրավոր քննության փուլում է։ Դատախազությունը զուգահեռաբար քրեական վարույթ է նախաձեռնելու՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։

Եթե 2026-ի մայիսին դատարանը բավարարի հայցը, դա կնշանակի, որ ՀՀ կառավարությունը հետ է վերցնում Արցախի կառավարությանը 30 տարի առաջ տրված խոստումը՝ Նաիրի Զարյան փողոցում գնտվող շենքի ու հողամասի անհատույց օգտագործման իրավունքը։

Նաիրի Զարյան 17/2 հասցեի համար մղվող պայքարը դուրս է սովորական կադաստրային վեճի շրջանակներից․ այն Արցախի պետական ինստիտուտների վերջնական լուծարմանն ուղղված քաղաքական կուրսի տեսանելի մասն է: 18 տարվա ուշացումով հայտնված ԱԱԾ տեղեկանքը և դատարանի «դժվարությունները»՝ Արցախի Հանրապետությունը նույնականացնելու հարցում, հուշում են, որ իրավական ընթացակարգերն այստեղ սոսկ միջոց են քաղաքական որոշումները լեգիտիմացնելու համար: 

The post Արցախի վերջին՝ 1222 քմ-ն վիճարկման առարկա է Հայաստանում appeared first on CIVILNET.

Leave a comment