«Ծնունդ, որը ջնջել էին»

Նախորդ պատումն՝ այստեղ:

«Այնտեղ, որտեղ բոլորը մոռանում են, մենք հիշեցնում ենք»

«Հետաքննում է դետեկտիվը» շարքում ներկայացված պատմությունները Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանի եւ Հայաստանի միակ պաշտոնապես գրանցված մասնավոր դետեկտիվ կազմակերպության՝ «Gabrielyan & Partners Detective Bureau»-ի հետաքննված իրական դեպքերի հիման վրա են։ Այսուհետ «Առավոտը» ամեն ուրբաթ կներկայացնի դետեկտիվի արտառոց բացահայտումները։

Շաբաթ օր էր: Գրասենյակում ամփոփում էինք շաբաթը եւ պլանավորում հանգստյան օրերին ուր գնալ Երեւանից եւ վայելել Հայաստանի ոսկե աշունը: Էլ. փոստի մուտքային նամակների ծանուցման ձայնը լսելով բացեցի համակարգիչը:

Հետքրքիր նամակ էր: Մի ռուս աղջիկ գրել էր նամակ՝ «Բարեւ Ձեզ, դիմում եմ առաջին հայացքից տարօրինակ խնդրանքով, փնտրում եմ բիոլոգիական մորս, խնդրում եմ օգնեք»: Նմանատիպ նամակներ դետեկտիվները հաճախակի են ստանում, որոնցում նշվում են ծնողների որոնում տարբեր երկրներում:

Հայաստանում՝ առաջին անգամ էր: Աղջիկը նաեւ տվել էր հեռախոսահամար: Մասնագիտական հետաքրքրասիրությունը հուշեց, որ այս հետաքննությունը դառնալու է մեր բյուրոյի պորտֆոլիոյի կարեւորագույն կտորներից մեկը:

Արդեն Ստեփանավանում, կտրվելով Երեւանի աղմուկից ու վայելելով Լոռվա բնաշխարհի չքնաղ երեկոն, զանգահարեցի աղջկան: Նա կաշկանդվելով սկսեց պատմել իր պատմությունը: Իր որդեգրված լինելու մասին իմացել էր մահացող հորական տատիկից: Որդեգրող ծնողներն ազգությամբ ռուս են, սակայն իր ոչ ռուսական դիմագծերը մանկուց նրան տվել էին մտածելու տեղիք:

Հայրը ԽՍՀՄ ԿԳԲ-ի գեներալ էր, ներկայում թոշակառու: Մայրը՝ հայտնի ինստիտուտներից մեկի պրոֆեսոր։ «Իմ անունն է Աննա, – շշնջաց նա ռուսերենով, դողացող ձայնով: -Ըստ փաստաթղթերի՝ ծնվել եմ 1980թ.-ին Մոսկվայում, բայց տատիկս ասում էր, որ ինձ որդեգրել են»: Եղել է մեկ ամսական նորածին: Ըստ տատիկի պատմության՝ Կովկասում գնել են մորից՝ բավականին բարձր գումար վճարելով, որից հետո ձեւակերպել են որդեգրող մոր անունով որպես նոր ծնված: Այսինքն՝ չի եղել դասական որդեգրում: Տատիկը համոզված է եղել, որ աղջկա ֆիզիոլոգիական ծնողները հայեր են, քանի որ Մոսկվա են եկել Երեւանից:

Զրույցի ավարտից հետո Գագիկի հետ քայլում էինք ու քննարկում: Միանշանակ սա սովորական հետաքննություն չէ: Որդեգրման ժամանակաշրջանը համընկնում էր ԽՍՀՄ-ի 80-ականների կոռումպացված միջավայրի, քաղաքական խարդավանքների ու ԿԳԲ/ՆԳՆ հակամարտության ժամանակներին…

Աննային առաջարկեցինք նախնական ուսումնասիրությունների համար ուղարկել իր մի քանի բարձր որակի լուսանկարներ, որպեսզի փորձենք առաջնային որոնել դեմքի նույնականացմամբ նմանակներին: Հաջորդ օրը սկսեցինք Աննայի լուսանկարով համաշխարհային որոնողական փակ ու բաց համակարգերում բիոմետրիկ պարամետրերի համընկնմամբ որոնումները: Դա առաջին քայլն էր անհայտության մեջից նրա հնարավոր ֆիզիոլոգիական մորը հայտնաբերելու ճանապարհին:

Ստացված արդյունքներից ընտրեցինք 65 տոկոս եւ ավելի համընկնումները:

80 համընկնում կար, որոնցից 45-ը կանայք էին: Մենք OSINT մեթոդոլոգիայի կիրառմամբ եւ այլ հասանելի տեղեկատվական համակարգերի կիրառմամբ ստուգեցինք նրանցից հայկական ծագում ունեցողներին: Դրանք 30-ն էին, սակայն ամենաբարձր համընկնումը՝ 85 տոկոս, ազգությամբ հայ չէր, այլ վրացի:

Իմ ունեցած փորձն ինձ հուշում էր, որ 85 տոկոս համընկնումը ավելի ճիշտ ուղղությամբ կտանի մեզ, քան թե մահացող տատիկի եզրակացությունը: Միանգամից զանգահարեցի վրացի գործընկերոջս՝ Շալվային:

Մենք սկսեցինք նրա աջակցությամբ վրացուհու վերաբերյալ տեղեկտվության հավաքագրման աշխատանքները: Մի քանի օրից ստացվեցին այդ կնոջ վերաբերյալ մանրամասն տեղեկությունները, ինչպես նաեւ ավելի որակյալ լուսանկար: Լուսանկարում ոնց որ Աննան լիներ, ուղղակի արդեն 60 անց տարիքում: Իմ ինտուիցիան ինձ չէր խաբել: Թբիլիսիում այդ օրերին տոնում էին քաղաքի տոնը՝ Թբիլիսոբան, հարմար առիթ էր խառնվելու Թբիլիսիի տոնական եռուզեռին ու միաժամանակ շարունակելու հետաքննությունը:

Ռուսների ասած «совмещать приятное с полезным»…

Թբիլիսոբան հայ-վրացական բարեկամության ու եղբայրության կենացներով ու երգերով համեմելուց հետո, հաջորդ օրը վաղ առավոտյան Գագիկի հետ գնացինք Շալվայի գրասենյակ ու սկսվեց դետեկտիվների համառ առօրյան:

Այդ կնոջ անունը Նինո էր: Երբեւիցե ամուսնացած չէր եղել: Նրանց ընտանիքը ծագումով Կախեթիայից էր, շատ ճանաչված ընտանիքից էր, հայրը՝ իրենց շրջանի սովետական բարձրաստիճան չինովնիկ: Նա 17 տարեկանում 1979թ. ընդունվել էր Թբիլիսիի բժշկական ինստիտուտ: Պետք էր գտնել հարմար պատրվակ, որպեսզի շատ նրբորեն կարողանայինք փորփրել նրա շրջապատը, գտնել մարդկանց, ովքեր կարող էին տեղեկատվություն տրամադրել մեզ, որոնք կարող էինք հետո համեմատել իրական փաստերի հետ ու լույս սփռել այս պատմության վրա:

Գագիկն ու Շալվան գնացին Թբիլիսիի արխիվները քրքրելու, հիվանդանոցների հնարավոր գրառման մատյաններում որեւէ հետք հայտնաբերելու եւ Նինոյի հետ հնարավոր մտերիմ կապ ունեցողներին գտնելու գործերով: Ես զանգահարեցի ընկերոջս՝ Զազային, ով ծագումով Կախեթիայի տարածաշրջանից էր ու ասացի, որ ցանկանում եմ հյուր գնալ Կախեթիա: Աշնանը Կախեթիան շատ լավն է, ամենուր խաղողի բերքահավաքն է՝ Ռթվելին: Մի հրաշալի եռուզեռ, որը երեկոյան ավարտվում է հավաքված խաղողի ճմռման ու կախեթական խորովածի շուրջ կերուխումի միջոցառմամբ: Հասնելով Կախեթիա՝ Զազայի հարազատներն իր գլխավորությամբ վրացական ավանդույթներով ինձ «գերի» վերցրեցին ու սկսվեց վրացական քեֆը:

Մինչ ուշ երեկո նստեցինք տեղացիների հետ։ Գինի, խորոված ու Զազայի անխուսափելի հարցը՝ «որ քամին է քեզ բերել»։

Չշտապեցի։ Թող խոսակցությունն ինքն իրեն հասունանա։ Մի պահ, երբ գինին արդեն սկսել էր խոսեցնել ու հոգիներ բացել, Զազայի մոտ հիշատակեցի Նինոյի հոր անունը։

Զազան ասաց. «Գնանք տատիս տուն»։ Այդ «տատիս տուն»-ը սովորական տեղ չէր։ Հին քարե տուն էր, բակի մեջտեղում՝ ընկուզենի, որի ստվերում ժամանակը կարծես կանգ էր առել։ Տատը նստած էր պատշգամբում՝ հաստ շալը ուսերին, աչքերը՝ հոգնած, բայց փայլուն։ Այդ աչքերն այն մարդկանց աչքերն են, ովքեր շատ բան գիտեն, բայց շատ չեն ասում։ Զազայի պապը շրջանի դատախազն էր եղել 1960-1980 թթ. եւ հետեւաբար տատիկը այդ թվերի անցուդարձին տիրապետում էր:

Դժվարությամբ, կարծես բառերը ծանր էին, սկսեց պատմել։ Ասաց՝ աղջիկը Թբիլիսիից եկել էր հայրենի քաղաք, բայց չէր գնացել ծնողների տուն։ Բնակվել էր վարձակալած տանը մոտ։ Բոլորը գիտեին, կռահել էին պատճառը: Քչփչալով քննարկում էին, բայց ոչ ոք ոչինչ չէր խոսում։ Ժամանակներն էին այդպիսին, հայրն էլ՝ ազդեցիկ մարդ: Ծննդաբերել էր հենց այդ տանը։ Գիշերով։ Հայրը ծանոթ բժիշկ էր բերել՝ վստահելի մարդ, «իրենցից»։ Ոչ մի հիվանդանոց, ոչ մի գրառում։ Երեխայի ծնունդը ոչ մի տեղ չէր արձանագրվել։ Կարծես չէր էլ եղել։ Հետո, մի քանի օր անց, տուն էին եկել ռուսներ։ Երեխային վերցրել էին ու հեռացել: Այդ պահից իմ ենթադրությունները հաստատվեցին ու ամեն ինչ տեղն ընկավ։ Ոչ փաստաթուղթ, ոչ ստորագրություն, ոչ որդեգրում։ Պարզապես մի ծնունդ, որը պետք էր ջնջել։ Մի երեխա, որը պետք էր տեղափոխել։ Եվ մի կին, որից վերցրել էին ամենակարեւորը՝ առանց հարցնելու։

Կախեթիայից Թբիլիսի ճանապարհը շատ դանդաղ էր թվում, ողջ ճանապարհին հեռախոսով խոսում էի Գագիկի ու Շալվայի հետ:

Մինչ հասա Թբիլիսի, Գագիկն ու Շալվան արդեն գտել էին Վրաստանի սովետական ժամանակաշրջանի ԿԳԲ գեներալներից մեկին, ով Շալվայի դասախոսն էր եղել համալսարանում: Գեներալի հետ հանդիպումը լույս սփռեց այս ամբողջ պատմության վրա: Աննայի որդեգրող հայրը շուրջ մեկ տարի վրացի գործընկերոջ միջոցով որոնել է նորածին երեխայի, ումից ծնողները կհրաժարվեն եւ նա կարող է որդեգրել: Մեր վրացի գեներալն էլ լինելով Կախեթիայի կուսակցական չինովնիկի ընկերը եւ տեղյակ լինելով նրանց ընտանեկան խարանի մասին, տեղեկացնում է կոլեգային, որ գտել են նորածին երեխա եւ կարող են անհետք որդեգրել: Ռուս գեներալը կնոջ հետ ժամանում է Թբիլիսի: Նրանք վերցնում են երեխային, գալիս են Վրաստանի խուլ շրջանային հիվանդանոցներից մեկը եւ ձեւակերպում արդեն իսկ մեկ ամսական նորածնի ծննդաբերությունը: Օգտագործելով իրենց լծակները՝ փաստաթղթավորում են երեխային որպես գեներալի ու տիկնոջ զավակ: Դրանից հետո, հետքերը կորցնելու համար, ռուս գեներալը վերցնում է մի մեքենա, փոխարինում համարանիշներն ու կնոջ ու նորածնի հետ մեկնում Հայաստան: Հայաստանում մի քանի օր մնալուց հետո մեկ այլ մեքենայով մեկնում է Մոսկվա: Ու վերջ, Կախեթիայում ծնված Աննան դառնում է ռուս:

Հաջորդ քայլը Նինոյի հետ հանդիպումն էր: Շալվան արդեն ճշտել էր, Նինոն զբաղվում էր բիզնեսով, ուներ սրճարանների ցանց: Նրանք Գագիկի հետ գտան հանդիպման համար լեգենդ ու երեկոյան հանդիպեցին նրա հետ: Օպերատիվ բազմամյա փորձ ունեցող անձանց համար բավականին հեշտ է զրույցի թեման արագ տեղափոխել դեպի պահանջած ուղղություն: Նինոն սկզբում բավականին էմոցիոնալ է արձագանքում: Մի պատմություն, որ 40 տարի առաջ պարուրել էին գաղտնիքի քողով ու թաղել լռության մեջ, սկսել էր խոսել։ Ես արդեն զանգահարել էի Աննային ու անկախ Նինոյի հետ հանդիպման արդյունքից՝ հրավիրել Թբիլիսի: Օդնավակայանից մինչ Աննայի ամրագրած հյուրանոց ճանապարհը հեղեղված էր նրա արցունքներով ու երախտիքի խոսքերով: Անհայտությունից գտել էինք իրական մորը: Նրա այցի մասին չգիտեին ծնողները եւ պետք էլ չէր, այդ պատկառելի տարիքում նրանց ենթարկել սթրեսի:

Նինոն պատմել էր իր պատմությունը, սիրահարվել էր համակուրսեցու, այդ ժամանակ Վրաստանի ամենաազդեցիկ մարդկանցից մեկի որդուն, հետո երբ հայտնի էր դարձել հղիության մասին, նա կորել էր գիշերային ստվերի պես…

Նինոյին Գագիկն ու Շալվան առաջարկել էին կազմակերպել հանդիպում աղջկա հետ, նա կտրուկ հրաժարվել էր: Հասկանալի էր: Այդ տեղեկությունը ստանալով՝ ես Աննային ասացի, որ կարող ենք կազմակերպել, սակայն նա հեռվից կարող է «հիանալ» իր կենսաբանական մորով:

Մտանք սրճարան, Գագիկն ու Շալվան Նինոյի հետ նստած զրուցում էին, ես ընտրեցի մի անկյունային սեղան, որտեղ մեզ դժավար էր նկատել, բայց մենք կարող էինք տեսնել Նինոյին…

44 տարի անց կայացավ մոր ու աղջկա երկրորդ հանդիպումը: Նախորդ հանդիպմանը աղջիկը չգիտեր մոր մասին, այս հանդիպմանը՝ մայրն աղջկա մասին, որ նստած էր իրենից մի քանի մետր այն կողմը ու փորձում էր արցունքները խեղդել գինու դառնության մեջ:

Երբեմն դետեկտիվի գործը մարդկանց հանդիպեցնելը չէ։

Երբեմն՝ պարզապես ճշմարտությունը վերադարձնելն է։

Եվ դա՝ բավարար է։

Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.02.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment