«Խոսքերով խաղաղություն չի հաստատվում, գուցե երկու երկրների ղեկավարները ընկերական հարաբերություններ են հաստատել, դա իրենց ճաշակի հարցն է». Գուրգեն Սիմոնյան

«Խոսքերով խաղաղություն չի հաստատվում, գուցե երկու երկրների ղեկավարները ընկերական հարաբերություններ են հաստատել, դա իրենց ճաշակի հարցն է»,- Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել և երկու երկրների ղեկավարներն արդեն ունեն ընկերական հարաբերություններ, այսպես պատասխանեց Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ Դոնալդ Թրամփը, Վաշինգտոնում «Խաղաղության խորհրդի» առաջին նիստում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին, հայտարարել էր․ «Այս երկուսը հեչ էլ բարի պտուղ չէին։ Կարծում եք, հե՞շտ էր։ Չէ, հեշտ չէր։ Նրանք երկուսն էլ դժվար մարդիկ էին, լավ մարդիկ են, բայց դժվար։ Երբ Օվալաձև գրասենյակում էին, ամեն մեկը սենյակի հակառակ ծայրում էր։ Ես ասացի՝ տղաներ, մի քիչ մոտ եկեք, այնքան էլ լավ չէին զգում իրենց, դե գիտեք՝ իրար սպանել են մի 30 տարի։ Մեկ ժամ հետո արդեն կողք-կողքի էին կանգնած, գրկեցին իրար, փաստաթուղթ ստորագրեցին։ Եվ հիմա խաղաղություն ունենք այս երկու կարևոր երկրների միջև։ Ես երբեք չեմ մոռանա դա։ Կարող եք հպարտանալ ինքներդ ձեզնով։ Դա հրաշալի տեսարան էր։ 32 տարի»։

Ըստ Գուրգեն Սիմոնյանի՝ խաղաղությունը միայն ղեկավարների մակարդակով չի լինում, հանրությունների և պետությունների ռազմավարությունների մակարդակով է տեղի ունենում․ «Այս կոնֆլիկտը ոչ թե 30-ամյա է, այլ հարյուրամյա։ Հայոց ցեղասպանության շարունակությունը տեղի ունեցավ թե՛ Բաքվում, թե՛ ԼՂ ամբողջ տարածքում հարյուր տարի առաջ, երբ Անդրանիկ Օզանյանը և Գարեգին Նժդեհը պայքարում էին թուրք-բոլշևիկյան ուժերի դեմ։ Այնպես որ, ես չեմ կարծում, որ խաղաղությունն այսպես հեշտ կհաստատվի, քանի որ նախ ժամանակ է պետք, երկրորդն էլ՝ նորմալ խաղաղությունը հավասարակշռված խաղաղությունն է, որտեղ բոլորի շահերը պաշտպանվում են հավասարաչափ։ Ես չեմ կարծում, որ ՀՀ-ի շահերը հավասարաչափ պաշտպանվում են»։

Մեր այն դիտարկմանը՝ ՀՀ-ում իշխող ուժը վստահեցնում է, որ խաղաղություն է հաստատված․ սահմանին այլևս զինվոր չի զոհվում, Գուրգեն Սիմոնյանն արձագանքեց․ «Դա իր բացատրությունն ունի․ ԵՄ-ի դիտորդական առաքելության տեղակայումից հետո նման դեպքերը կրճատվեցին, բայց իմ բնութագրմամբ՝ նախաստորագրված ոչ պատշաճ տեքստը, որը խաղաղության պայմանագրի նախաստորագրումն էր, ենթադրում է, որ վերջնական վավերացումից հետո պետք է այլ պետությունների ներկայացուցչությունները, դիտորդական առաքելությունները, զինված ստորաբաժանումները այնտեղ չտեղակայվեն։ Սա ուղիղ միջամտություն է ՀՀ ներքին գործերին։ ՀՀ-ի լիիրավ իրավունքն է՝ որտեղ ում ուզենա, տեղակայի։ Ենթադրենք՝ Կապանի օդանավակայանում ֆրանսիական օդուժ տեղակայվի 15-20 տարի հետո, պիտի ասեն՝ չէ, թուղթ ենք վավերացրե՞լ։ Դա մեր ինքնիշխան իրավունքը պետք է լինի, ներկայիս իշխանությունները իրավունք չունեն մեր ինքնությունը սակարկման դնելու»։

Անդրադառնալով Իլհամ Ալիևի՝ վերջին օրերի հայտարարություններին՝ Գուրգեն Սիմոնյանն ասաց․ «Առիթը բաց չի թողնում սպառնալիքներ հնչեցնելու։ Հիմա էլ օր ու ժամ է պահանջում, ասում՝ անունը դրել եք խաղաղության խաչմերուկ, բայց մեր Զանգեզուրի միջանցքն է։

Նիկոլ Փաշինյանն էլ իրեն հարմար նարատիվներ է սկսել շրջանառել, որ ժողովրդին ապակողմնորոշի, շեղի ընտրություն իրականացնելու հնարավորությունից։ Իրենք իրենց հարմար ընդդիմությամբ են ուզում ներքաղաքական դաշտում եղանակ փոխել․ իրենց պատումներն են տարածում։ Նրանք, ովքեր չեն ընտրել իրենց, իրենց ձևակերպմամբ՝ ընտրում են պատերազմը, բայց ես էլ բավականաչափ փաստեր կարող եմ բերել, որ նման կրավորական վարքագիծը, նման արտաքին և ներքին քաղաքականությունն է հանգեցնելու պատերազմի, ինչը Նիկոլ Փաշինյանն անում է։ Շնորհապետական կուսակցությունն ասում է, որ խաղաղությունը կարող է լիարժեք ուժի մեջ մտնել և դիրքերը հաստատել տարածաշրջանում միայն պաշտպանունակ և դիմադրողունակ ՀՀ առկայության պարագայում։ Թույլ, խեղճ, իր ռազմաքաղաքական շահերը զոհասեղանին մատուցած Հայաստանը չի կարող վայելել խաղաղություն, խաղաղությունը շքեղություն է, որը վայելում են միայն զորեղները»։

Հետաքրքրվեցինք՝ մի՞թե իրատեսական չէր վաշինգտոնյան հարթակն օգտագործել գերիների հարցի բարձրացման համար, Գուրգեն Սիմոնյանն արձագանքեց․ «Միայն գերիների հարցը չէ, անհետ կորածների հարց կա, անհետ կորածների տվյալների թարմացման խնդիր կա, Բաքվում բռնադատվածների հարց կա։ Իմացեք՝ այդ քրեական վարույթները փաթաթելու են ՀՀ պարանոցին։ Բաքվում հայտնված անձինք պետք է օրենքի առաջ պատասխան տան, թե ինչու Արցախը տենց կռնատ դարձավ 30 տարիների ընթացքում, և ոչ միայն իրենք, բայց հայկական դատարանի առաջ, հայկական օրենքներով, ոչ թե ադրբեջանական, քանի որ նրանց հանցագործությունը հայկական պետականության դեմ է, ոչ թե ադրբեջանական»։

Հարցին՝ չեք կարծում՝ այս իշխանությունը պետք է զբաղվի գերիների հարցերով և օգտագործի բոլոր հնարավոր օղակները, մեր զրուցակիցն արձագանքեց․ «Այս իշխանությունն առհասարակ որևէ բանով այլևս չպետք է զբաղվի։ Հույս ունենք, որ հայ ժողովուրդը մոտ ժամանակներում փոփոխություններ կիրականացնի։ Փորձը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ինչ նախաձեռնել է, տարել է տապալման, ինչ ասել է, հետո այլ բան է խոսել՝ բոլորիս խաբելով։ Մանևրելու հնարավորություն չունեն այդ հարցում․ կոնկրետ խաբում են»։

Հարցին՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման հետ կապված վտանգներ տեսնո՞ւմ եք, Գուրգեն Սիմոնյանը պատասխանեց․ «Բազմաթիվ վտանգներ եմ տեսնում, օրինակ՝ չեմ հասկանում «բեք օֆիս» և «ֆրոնտ օֆիս» հասկացությունները․ ինչու ադրբեջանցիները չեն ուզում հայի երես տեսնեն անցուդարձի ժամանակ, մենք իրենց սֆաթին կարո՞տ ենք։ Մանրամասներ շատ բաների մասին չգիտենք։ Այն, որ կարճատև ժամանակահատվածը շահած գերտերության նախագահի մակարդակում հետաքրքրությունների, ուշադրության կիզակետում է հայտնվել, դա փաստ է, բայց եթե մոտալուտ ժամանակահատվածում իրական ազգային ուժեր չընտրվեցին ՀՀ-ում՝ ոչ նախկիններից, ոչ ներկաներից, ոչ կոլաբորացիոնիստներից՝ արտաքին ուժերին սպասարկող, ապա վերջիններիս շահային խմբերի կողմից ձևավորած ուժերը չեն կարող հարցը նորմալ հանգուցալուծել»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment