Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Բազմահազար հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան էջերը շարունակում են Հայաստանում և երկրից դուրս տեղի ունեցած «արտակարգ իրավիճակների»՝ երկրաշարժերի, ջրհեղեղների, վերաբերյալ կեղծ լուրեր տարածել։
«Շուտով Թուրքիան կջնջվի երկրի երեսից․ ուժեղ երկրաշարժը Ստամբուլը ոչնչացրեց։ Մարդիկ խուճապահար են»,- նշված է ֆեյսբուքում 146 հազար հետևորդ ունեցող «Իմացիր Առաջինը» էջի փետրվարի 19-ի գրառման մեջ։
Նույն էջի մեկ այլ գրառման մեջ էլ նշվում է, թե Իջևանում արտակարգ իրավիճակ է, և գործին միացել է պաշտպանության նախարարության ուղղաթիռը։
Իրականում այս գրառումները կա՛մ հորինված են, կա՛մ հին, իսկ դրանց միակ նպատակն օգտատերերի ուշադրությունը գրավելն ու դրդելն է անցնել հղմամբ։
Թուրքիայում երկրաշարժ է, Ադրբեջանում՝ ջրհեղեղ, Իջևանում էլ արտակարգ իրավիճակ
Երկրաշարժի հետևանքով «շուտով Թուրքիան երկրի երեսից ջնջվելու» մասին կանխատեսող գրառման մեջ բառերը դիտավորյալ գրված են միջակետերով։ Այս հնարքը կիրառվում է, որպեսզի որոնողական համակարգերում կեղծ լուրը հայտնաբերելը և հետագծելը դժվարացվի։ Գրառմանը կցված է տելեգրամյան ալիքի հղում, որն ունի ընդամենը մեկ բաժանորդ (subscriber)։ Ալիքի բովանդակությանը ծանոթանալու համար օգտատերը նախ պետք է բաժանորդագրվի դրան։
Նմանատիպ մարտավարություն է կիրառում նաև «INFO Armenia» էջը՝ օգտատերերին վերահասցեագրելով 24newsarm.ru կայք։ Կայքում հրապարակված է տեսանյութ, որը ներկայացվում է որպես ընթացիկ իրադարձություն, սակայն իրականում պարունակում է 2023 թվականի Թուրքիայի երկրաշարժի կադրեր։
Ուշադրության արժանի է նաև այն, որ կայքում տեղադրված հոդվածների վերնագրերը գրված են լատինատառ։ Ամենայն հավանականությամբ, այս ձևաչափն ընտրվել է՝ որոնողական համակարգերում ավելի հեշտ հայտնվելու և ավելի լայն լսարան ընդգրկելու նպատակով։
Նույն էջերը փետրվարի 4-5-ին գրառումներ են տարածել, թե Ադրբեջանում ջրհեղեղի հետևանքով մարդկանց են տարհանել։
«Ադրբեջանում ջրհեղեղի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ․ տարհանվել 41 մարդ, այդ թվում՝ 17 երեխա»,- նշված է ֆեյսբուքյան մի շարք էջերի գրառումներում։
Մինչդեռ, այս լուրերը ևս հին են։ Ադրբեջանում ջրհեղեղի հետևանքով ժամը երեքի դրությամբ 41 տարհանվածի, այդ թվում՝ 17 երեխայի մասին տվյալը վերաբերում է 2025 թվականի ապրիլին, ոչ թե վերջին օրերին։
Նույն էջերը շաբաթներ առաջ՝ փետրվարի 2-3-ին, գրառումներ են տարածել նաև Իջևանում տեղի ունեցած ինչ-որ «արտակարգ դեպքի» մասին, որի ժամանակ իբր ստիպված են եղել գործի դնել պաշտպանության նախարարության ուղղաթիռը:
Գրառումները տարածվում են «շտապ», «արտակարգ իրավիճակ», «իրավիճակը շարունակում է լարվել» ձևակերպումներով։ Սակայն այդպես էլ չի հստակեցվում, թե կոնկրետ ինչ պատահարի մասին է խոսքը:
Այս դեպքում ևս գրառմանը կցված է տելեգրամյան էջի հղում կամ պարբերաբար կեղծ լուրեր տարածող arm.arminfonews.ru կայքի հղումը։ Իսկ arm.arminfonews.ru կայքում հոդվածը հրապարակված է ռուսերենով՝ ենթադրաբար նաև ռուսալեզու լսարանին թիրախավորելու նպատակով։
Իրականում վերջին շրջանում Իջևանում ՊՆ ուղղաթիռի ներգրավմամբ որևէ արտակարգ պատահար չի գրանցվել։
Արտակարգ իրավիճակների վերաբերյալ լուրերը մշտապես մեծ հետաքրքրություն են առաջացնում օգտատերերի շրջանում, ինչից էլ օգտվում են կեղծ լուրեր տարածողները։
Այսպիսով, բազմահազար հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան էջերը տարածում են հորինված կամ հնացած տեղեկություններ՝ օգտատերերին տելեգրամյան ալիքներ տեղափոխելու և դրանց հետևորդների թիվը մեծացնելու նպատակով։
Նույն տրամաբանությունն է գործում նաև կայքերի դեպքում․ կեղծ կամ մոլորեցնող բովանդակությամբ նրանք ձգտում են ապահովել ավելի մեծ այցելություններ, ինչը հետագայում վերածվում է գովազդային եկամտի։
The post Երկրաշարժ և ջրհեղեղ «հանուն դիտումների»․ ինչպես են խուճապային լուրերը վերածվում բիզնեսի appeared first on CIVILNET.