«Ազգային կրթության խորհրդի» նախաձեռնած «Հայաստանի քանդվող ապագան՝ փակվող դպրոցներ»/ 231 դպրոցների փակման մասին հանրային քննարկումը եւ հրապարակած հետազոտությունը լուրջ իրարանցում են առաջացրել: Խորհրդի անդամ, կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշում է՝ որքան էլ ԿԳՄՍ նախարարությունը հերքի, գյուղական դպրոցներն իսկապես փակվում եւ լուծարվում են: «2026թ սեպտեմբերի 1-ին 230 դպրոցի դուռ չի բացվելու աշակերտների առաջ, եւ այդ գյուղերը, որտեղ դպրոցները չեն բացվելու հիմնականում բարձր լեռնային եւ սահմանամերձ բնակավայրերում են, որտեղ բնակչության թիվը մեծ չէ, բայց միեւնույն ժամանակ դրանք ունեն ռազմավարական, անվտանգային նշանակություն Հայաստանի Հանրապետության համար», – շեշտեց Ատոմ Մխիթարյանը:
«Այդ 230 դպրոցներից շուրջ 50-ը Սյունիքի մարզում է, 48-ը՝ Շիրակում եւ 47-ը՝ Լոռու մարզում, հիմնականում դրանք փոքր բնակավայրերում են, օրինակ Ամասիայի տարածաշրջանում մոտ 30 բնակավայր կա, որտեղ ընդամենը 3-4 դպրոց է մնալու: Բնակավայրերի միջեւ հեռավորությունը երբեմն հասնում է 10-12 կիլոմետրի: Շատ դժվար է պատկերացնել, որ օրինակ առաջին դասարանցուն եւ 12-րդ դասարանցուն ինչպես են միաժամանակ տեղափոխելու հարեւան գյուղ եւ վերադարձնելու իրենց գյուղ, որովհետեւ դասերի ժամաքանակի տարբերություն կա, տարրական դասարաններում օրական 3-4 ժամ են պարապում, ավագ դպրոցում՝ 6-8 ժամ: Անհասկանալի իրավիճակ է ստեղծվում, արդեն ահազանգեր ենք ստացել բազմաթիվ բնակավայրերից, որ ծնողները, որոնք ունեն դպրոցահասակ երեխաներ, պատրաստվում են բնակարան գնել կամ վարձակալել մարզկենտրոններում կամ Երեւանում, որպեսզի կարողանան ապահովել իրենց երեխաների կրթությունը», – նշեց Ատոմ Մխիթարյանը:
«Մեկ ուրիշ միտում էլ կա. բազմաթիվ կիսված ընտանիքներ կան, դա հատկապես աղքատության բարձր մակարդակ ունեցող մարզային բնակավայրերում է: Կիսված՝ նշանակում է, որ տան տղամարդը արտագնա աշխատանքի է մեկնել: Եվ հիմա սա «լավ» հնարավորություն է, որպեսզի ընտանիքը վերամիավորվի եւ վերամիավորվի՝ ոչ Հայաստանում, այլ ասենք՝ Ռուսաստանում», – հավելեց մեր զրուցակիցը:
«Այս ծրագրի հիմնական շեշտը դրվում է բյուջետային ծախսերի օպտիմալացման վրա: Եվ պարզվում է, որ բոլոր դպրոցների՝ պետական բյուջեից հատկացումները տարեկան կազմում են մոտ 7 մլրդ դրամ: Համեմատության համար նշեմ, որ տարեվերջին քաղաքական պաշտոններ զբաղեցնողները ստացան 3,5 մլրդ դրամի պարգեւավճար եւ եւս 3,5 մլրդ կստանան երկրորդ կիսամյակի համար: Սա ուղիղ նշանակում է, որ մեկ տարվա պարգեւավճարների գնով փակվում է 230 դպրոց, դատարկվում՝ 230 գյուղ»:
Aravot.am-ի հարցին՝ այնուամենայնիվ, ինչու է ԿԳՄՍ նախարարությունը հերքում, որ շուրջ 230 դպրոց է փակվում, Ատոմ Մխիթարյանն այսպես արձագանքեց. «Պարզվում է, որ նախարարի այն հրամանում, որով իսկապես լուծարվում կամ փակվում են 200-ից ավելի դպրոցները, ոչ փակվել բառը կա, ոչ էլ լուծարվելը: Այնտեղ ձեւակերպումը հետեւյալն է՝ կրթության որակի ապահովման բարձրացման համար ենք այս բաներն անում, այսինքն` երեխաներին հավաքում ենք փոքր գյուղերից, տանում հարեւան գյուղի դպրոց: Ասում են՝ դա փակել չի, կրթության որակի մասին ենք մտածում: Եկեք մանիպուլյացիաների հետեւից չգնանք: Այդ համայնքների բնակիչների կարծիքը ոչ ոք չի հարցրել՝ նման որոշումը կայացնելիս, դրա համար նրանից յուրաքանչյուրը փորձում է իր գլխի ճարը տեսնել: Եվ այս ծրագիրն իրականացնելու են ընտրություններից հետո: Ընտրություններում հաջողության հասնելու դեպքում ներկա վարչախումբը ասելու է, որ այս ծրագիրը նախատեսել էր նախապես եւ այժմ ժողովրդի քվեով ես հիմա կփակեմ այսքան դպրոց»: Նա հայտնեց, որ մտածում են հանրագիր կազմել եւ հանրագրով դիմել ՀՀ կառավարությանը՝ կասեցնելու, իր ձեւակերպմամբ, այս աղետալի ծրագիրը:
Հավելենք՝ ԿԳՄՍՆ-ն հայտարարել է, որ տեղեկությունները, թե 2026 թ. սեպտեմբերից Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է փակել 231 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը, ու կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է հանրակրթության արդյունավետ զարգացմանը, կրթության հասանելիության ընդլայնմանը եւ որակի բարձրացմանը, այլ ոչ թե կրթական հնարավորությունների սահմանափակմանը։
Նախարարության տարածած տեքստում նշվում է, որ ներկայում հանրապետությունում ընթացող դպրոցաշինության լայնածավալ աշխատանքներ են իրականացվում, որոնց արդյունքում հանրապետության տարբեր բնակավայրերում նոր դպրոցներ և մանկապարտեզներ են բացվում, եւ կրթության ոլորտը շահարկվում ու թիրախավորվում է՝ հասարակության շրջանում անհիմն անհանգստություն ու թյուրըմբռնումներ առաջացնելու նպատակով։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: