Անի Սամսոնյանին հետամտելու գործով մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Հասարակություն

20.02.2026 | 18:06

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Անի Սամսոնյանին առնչվող վարույթով դատախազը մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել: Այս մասին Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք՝ երկու օր առաջ քաղաքական գործիչը հայտնել էր, որ ներխուժել են իր աշխատավայր, ինչի հետևանքով ինքնապաշտպանության է դիմել։

«Հայաստանի իրավապահ համակարգի դեկորատիվ փայլն ու «օպերատիվ» պաշտպանությունը: Դեռևս հունվարին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ դատախազություն ինձ` հետամտելու և խուլիգանության (այդ թվում քաղաքական բնույթով) համար: Ութ ամիս շարունակ համբերելուց հետո, երբ հասկացա, որ հետապնդումները վտանգավոր բնույթ են ստանում, որոշեցի որպես օրինապահ քաղաքացի չդիմել այլ միջոցների և պաշտպանություն փնտրել հայրենի իրավապահ համակարգում: Մինչև այսօր որևէ քայլ չի ձեռնարկվել, իսկ բանը հասավ նրան, որ այսօր տվյալ անձը ներխուժել է իմ աշխատավայր և ես ստիպված եմ եղել դիմել ինքնապաշտպանության: Գրեթե վստահ եմ, քաղաքական ստատուսի համար ինձ պատժելու դեպքում իրավապահ համակարգը մեկ րոպե չէր կորցնի: Հետո ասում եք` ինչի են մարդիկ դիմում ինքնադատաստանի ու չեն վստահում իրավապահներին»,- ֆեյսբուքյան էջում գրել էր Սամսոնյանը։

Գլխավոր դատախազությունից երեկ Factor TV-ին հայտնել էին, որ 2025 թվականի հունվարին Անի Սամսոնյանի կողմից ներկայացրած հաղորդման հիմքով՝ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն)․

«Փետրվարի 18-ին ներկայացրած հաղորդման հիմքով ևս  նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 196.1-ի 1-ին մասով (հետամտելը): Անի Սամսոնյանը որպես տուժող հարցաքննվել է։ Կատարվում է նախաքննություն մեկ վարույթի շրջանակում»։

 

Ռոզա Վարդանյան 

 

Leave a comment