Միջուկային հարցը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական ներկայության մեծացման և Թեհրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մասին լուրերի ֆոնին։
«Իրանի միջուկային ծրագիրը ռազմական լուծում չունի։ Սա արդեն ապացուցվել է անցյալ տարի, երբ մեր միջուկային օբյեկտների վրա խոշոր հարձակում տեղի ունեցավ»,- նշել է նա՝ MSNBC-ին տված հարցազրույցում։ Պաշտոնյան հավելել է, որ միջուկային տեխնոլոգիաները «չեն կարող ոչնչացվել ռմբակոծությամբ»։
«Միակ լուծումը դիվանագիտությունն է, այդ պատճառով էլ ԱՄՆ-ն վերադարձել է բանակցությունների սեղանի շուրջ և ձգտում է համաձայնության։ Մենք պատրաստ ենք դրան (համաձայնությանը – խմբ.)։ Մենք պատրաստ ենք խաղաղության, մենք պատրաստ ենք դիվանագիտության և բանակցությունների, ինչպես որ պատրաստ ենք պատերազմի»,- հավելել է Արաղչին։