Արցախցիների խնդիրները՝ քաղաքացիություն ստանալու ճանապարհին

Արցախից  բռնի տեղահանվածների համար Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը շատ դեպքերում սկսվում է ոչ թե դիմումից, այլ փաստաթղթերի վերականգնումից։ Շատերը ամիսներ են ծախսում՝ փաստաթուղթ վերականգնելու համար։ Մեկ այլ խնդիր է քաղաքացիություն ստանալու ուշացումները, ինչի պատճառով արցախցիները չեն կարողանում դիմել բնակապահովման ծրագրին։

Փաստաթղթերի վերականգնման խնդիր

Ծննդյան վկայականներ, ամուսնության վկայականներ, ծնողների փաստաթղթեր, որոնք մնացել են Արցախում. արցախցիների համար յուրաքանչյուր փաստաթղթի վերականգնումը կարող է շաբաթներ կամ ամիսներ տևել, որոշ դեպքերում էլ՝ դատարանի միջոցով իրականացվել։

Արցախից տեղահանված Անուշ Աբրահամյանը երեք ամսից ավելի փորձում էր իր ծննդականը վերականգնել, քանի որ դեռ Խորհրդային միության տարիներին տրամադրված ռուսերեն ծննդականում ազգանունը գրված է Աբրամյան։

«Նոտարն ասեց, որ չեմ կարողանալու փոխել, պետք է դիմեք այստեղի զագսին։ Դիմեցի ու ասացին, որ փոխելու պրոցեսը մի քանի փուլից է բաղկացած՝ վերականգնում ու սխալի ուղղում։ Նախ փաստաթղթերը պետք է մուտքագրել այստեղի բազա, որից հետո պետք է կատարել այդ սխալի ուղղումը»- ասում է Անուշը։

Անուշ Աբրահամյանը

Նրա խոսքով՝ ծննդյան վկայականը փոխելու համար պետք է փոխել նաև ծնողների ծննդյան վկայականները, իրենց ամուսնության վկայականը։

Փաստաթղթերի վերականգնման համար լինում են նաև շատ ավելի բարդ դեպքեր։

«Մեր 101 տարեկան տատիի ծննդականը մնացել է գյուղում: Հիմա տատիի ծնողների զագսի թուղթ են ուզում, որոնք ամուսնացել են 1918 թվականին և իհարկե ծնողների ծննդականները կամ մահվան թղթեր:  Այդ թղթերը 2020-ին գրավված գյուղում է մնացել»,- ասում է արցախցիներից մեկը։ 

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցչի խոսքով՝ քաղաքացիություն ստանալու համար որոշակի փաստաթղթերի առկայությունն օրենքի պահանջ է։

«Փաստաթղթերը կոնկրետ են, որոնք նշված են իրավական ակտերով և այդ փաստաթղթերը վերականգնելու առումով անձը փակուղու առջև չի գտնվում, քանի որ հնարավորություն ունի քաղաքացիական կայացության ակտերի գրանցման գործակալության միջոցով վերականգնել որոշակի փաստաթղթեր»,- ասում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Արամ Մելքոնյանը։

Արամ Մելքոնյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ

Իսկ թե արդյո՞ք փաստաթղթերի վերականգնման պրոցեսը կարող է հեշտացվել՝ հաշվի առնելով, որ Արցախում թողնված որոշ փաստաթղթեր բարդ է վերականգնել, արդարադատության նախարարությունից խնդրել են գրավոր հարցում ուղարկել։

Քաղաքացիություն շնորհելու ուշացումներ

Մեկ այլ խնդիր է քաղաքացիություն շնորհելու ուշացումները։ Անուշ Աբրահամյանի ընտանիքն ուզում է դիմել բնակապահովման ծրագրին, բայց հոկտեմբերի 3-ից ի վեր իր մոր քաղաքացիության դիմումի կարգավիճակը քննարկման փուլում է, չնայած օրենքով սահմանված 90 աշխատանքային օրը լրացել է։ 

Քանի որ քաղաքացիություն ստանալն ուշանում է, ստիպված տալիս են այն տան վարձը, որն ուզում են ձեռք բերել, որպեսզի չկորցնեն այն գնելու հնարավորությունը։

Դեռ 2024-ի նոյեմբերին Ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Արցախից տեղահանվածները կարող են Հայաստանի քաղաքացիություն ստանալ արագացված ընթացակարգով՝ մեկ-երկու ամսվա ընթացքում։

«Գոնե մի հայտարարեք, որ ավելի արագ եք անելու, քան օրենքով պարտավոր եք, այսինքն՝ մեկ-երկու ամսվա ընթացքում եք անելու, ոչ թե 90 աշխատանքային օրվա ընթացքում, որպեսզի մարդիկ կարողանան պլանավորեն տան գնումը»,- ասում է Անուշի ամուսինը՝ Սմբատ Պետրոսյանը։ 

Սմբատ Պետրոսյանը

Փետրվարի 13-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել էր, որ քաղաքացիություն շնորհելու ուշացումները կապված են բացառապես դիմումների զգալի աճով, քանի որ հունվարի 1-ից գործարկվել է քաղաքացիության դիմումների առցանց հարթակը։

«Երբ մեր հայրենակիցները առանձին դիմում են ու նշում, որ դեռևս չի ստացվել Հանրապետության նախագահի հրամանագիրը, բայց արդեն իրենք բնակարանը գտել են ու ուզում են ամփոփել պրոցեսը, մենք առանձին ուղիղ ուշադրություն ենք դարձնում այդ դեպքերին, որպեսզի որևէ գործընթաց չհետաձգենք»,- ասում է Արփինե Սարգսյանը։

Չնայած դրան՝ Անուշ Աբրահամյանի ընտանիքը երկու անգամ դիմել է Միգրացիոն ծառայություն՝ ներկայացնելով բնակապահովման հետ կապված իրենց խնդիրը։ Սակայն օրենքով սահմանված 90 աշխատանքային օրն էլ լրանալուց հետո մոր քաղաքացիության դիմումը դեռ քննարկվում է։ 

2023 թվականից մինչև 2025 թվականի փետրվարի 5-ը բռնի տեղահանված 26,099 արցախցուց 20,769-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով շնորհվել է քաղաքացիություն։ Բացի այդ, 9,715 անչափահաս քաղաքացիություն է ձեռք բերել անձնագրավորման միջոցով։ 

Քաղաքացիության համար դիմող արցախցիների թիվը աճել է բնակապահովման ծրագրի մեկնարկից՝ 2024-ի մայիսից հետո, իսկ ավելի զգալի աճ արձանագրվել է, երբ ծրագիրը հասանելի է դարձել բոլոր փուլերի շահառուների համար՝ 2025-ի հուլիսից։

The post Արցախցիների խնդիրները՝ քաղաքացիություն ստանալու ճանապարհին appeared first on CIVILNET.

Leave a comment