Ամենաշատ ինքնասպանության փորձերը՝ խաղամոլների մոտ. ինչու է նրանց թիվն ավելացել
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Կախվածությունների մեջ ամենաբարձր ինքնասպանության փորձերն ու դեպքերը հանդիպում են խաղամոլների մոտ, քանի որ պարտվելով մեծ գումարներ, կորցնելով իրենց կյանքի ընթացքում ստեղծած գրեթե ամեն ինչ, չեն կարողանում համակերպվել այդ մտքի հետ և ինքնասպանության դեպքերն այս պարագայում ամենահաճախն են հանդիպում»,- Zarkerak.am‑ի հետ զրույցում ասաց Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի նարկոլոգ-հոգեբույժ Աղասի Դավթյանը:
Դավթյանի խոսքով՝ 2025 թվականին իրենց դիմել է 76 պացիենտ, 2024 թվականին՝ 68 պացիենտ, իսկ 2026 թվականի փետրվարի 19-ը ներառյալ՝ 7 պացիենտ. «2025 թվականին դիմողների թիվն ավելացել է: Անչափահասներ չկան, աղջիկների դիմելիությունն էլ քիչ է՝ հաշվի առնելով, որ նրանք շատ դեպքերում ամաչում են դիմել: 2025 թվականի առաջին կիսամյակում 42 դիմող է եղել, որից 5-ը եղել են կանայք, նրանցից միայն մեկն է եղել Երևանի բնակիչ, դրանից հետո էլ ունեցել ենք աղջիկ դիմողներ, բայց մեծ թիվ չեն կազմել»:
Աղասի Դավթյանը նշեց, որ իրենց մոտ իրականացվում է դեղորայքային բուժում և բոլոր դեպքերում ուղղորդվում է հոգեթերապևտի մոտ. «Երբ կա ինքնասպանության փորձ, ինքնասպանության փորձի կատարման կասկած, նման դեպքերն ուղղորդվում են հոգեբուժարան: Քաղաքացին միայն իր համաձայնությամբ, իր դիմումով է գալիս մեզ մոտ խորհրդատվություն իրականացնելու: Այս հիվանդությունը խրոնիկ է և որպես այդպիսին լիարժեք բուժում հասկացողություն չկա, այստեղ խոսքը կախվածության մասին է: Մենք ասում ենք՝ բուժումը ստանալուց հետո պետք է մոռանալ առհասարակ խաղադրույք կատարելու մասին: Բուժումը միջինում տևում է 6 ամիս, սակայն շատ ինդիվիդուալ է, կախված է պացիենտի ինտելեկտուալ ունակություններից, կրթական մակարդակից»,- ասաց Դավթյանը և նշեց,որ այս պահի դրությամբ մոտ 6 անձ կա, որոնք դեռ բուժման մեջ են:
Անդրադառնալով բուժման ընթացքում խաղադրույք կատարելուն՝ Աղասի Դավթյանն ասաց. «Ունեցել ենք 2-3 դեպք, որ բուժման ընթացքում մոտ 3 ամիս խաղադրույք կատարած չեն եղել և փորձել են իրենք իրենց հետ էքսպերիմենտ անել կամ չեն դիմացել գայթակղությանը, բայց ի տարբերություն նախորդ անգամների հոգեթրապևտի և դեղորևայքի օգնությամբ ավելի հեշտ են կարողացել ինքնուրույն պրոցեսը դադարեցնել: Չի եղել, որ անձը բուժումը վերջացնելուց հետո գա ասի, որ նորից սկսել է խաղալ, կարող է եղել են նման դեպքեր, բայց մեզ չեն դիմել»:
Դավթյանի խոսքով՝ պացիենտները գերակշռող դեպքերում հարազատների հետ են գալիս. «Մարդը պետք է ինքը ցանկություն ունենա ազատվել այդ խնդրից, հակառակ պարագայում արդյունավետ չի լինի: Եթե տեսնում ենք, որ հարազատներն էլ նրանց չեն հասկանում, խորհուրդ ենք տալիս հարազատներին գնալ հոգեթերապևտի մոտ, որպեսզի նրանց սովորեցնի, թե ինչ ձևով չի կարելի մոտեցում ցույց տալ նման խնդիր ունեցող մարդուն, որ եղած խնդիրն ավելի չբարդացնեն»:
Խոսելով այն մասին, թե ավելի շատ, որ դեպքերն են գերակշռում՝ խաղատներ գնալը, թե օնլայն խաղերը՝ մեր զրուցակիցը նշեց. «Խաղատներ գնացող 2 դեպք է եղել, մնացած բոլորն օնլայն խաղեր են խաղացել ու որոշ տոկոսն էլ անգամ մեկնաբանում է, որ եթե այդքան հասանելի չլինի խաղալը, իրենց ոտքով չեն գնա խաղատուն ու խաղադրույք չեն կատարի: Գովազդները պետք է սահմանափակվեն, անընդհատ ողողված լինելով այդ գովազդների մեջ՝ գայթակղությունը շատ բարձր է լինում, որ նման սահմանափակումներ լինեն՝ կկարողանանք օգնել»: