«Այս գրքով ես ուզում եմ պաշտպանել պատերազմը։ Ո՞նց կարելի է պաշտպանել պատերազմը, կհարցնես դու։ Թեկուզ եւ ասել, որ այն այդքան էլ սարսափելի բան չէ։ Որ այն ինչ-որ բանի համար է։ Կամ էլ՝ իչ-որ բանի պատճառով… Անկեղծ ասեմ, ինձ շատ են նյարդայնացնում մարդիկ, որոնք երբեք պատերազմ չեն տեսել, բայց անկեղծորեն կարծում են, թե դրանից ինչ-որ բան են հասկանում։ Անհնար է հասկանալ սերը՝ առանց այն ապրելու։ Ճիշտ նույն ձեւով անհնար է հասկանալ պատերազմը։ Կամ՝ մահը». լույս է տեսել 44-օրյա պատերազմի մասնակից, մոսկվաբնակ Կոլյա Ստեփանյանի «Որտեղ» վավերագրական գիրքը։
Կոլյան պատմում է, թե ինչպես ծնողներից թաքուն եկավ Հայաստան, ներկայացավ զինվորական հաշվառման, մասնակցեց պատերազմին։ Ապա… յոթանասուն օր անհետ կորած էր…
Ինչ է պատերազմը հեղինակի համար։ «Պատերազմը ծաղրահեղությունների մասին է։ Կյանքի ու մահվան։ Պատերազմը զտում է։ Ի տարբերություն խաղաղության՝ այն երբեք չի հարցնում՝ դասին պատրա՞ստ ես, թե՞ ոչ, ուղղակի շպրտում է այն քո տխմար ու վախկոտ դեմքին։ Ոչինչ մարդուն այնպես ներկա չի վերադարձնում, ինչպես պատերազմը։ Անցյալի զղջումնե՞ր։ Ինչո՞ւ։ Եթե ցանկացած վայրկյանը կարող է վերջինը լինել»,-գրում է նա։
Նա ներկայացում է հետպատերազմական զրույցները, հորդորները, երբ հորդորել են մոռանալ պատերազմի մասին, շարունակել ապրել։ Բայց նա չի կարող, ինչպես գրում է՝ «Պատերազմը փոխեց ինձ»։
«Եվ ուրեմն ով է այս ամբողջ աստիճանակարգության մեջ ժամկետային զինծառայողը։ Ծառայության երեք ամսվա ընթացքում «երջանիկ եմ ու հպարտ այստեղ լինելու համար» արտահայտությունն ընդամենը երկու մարդուց եմ լսել՝ ինձնից ու Բիձուց։ Բիձեն գյուղացի, բավականի հրաշալի տղա էր ու յոթ, թե ութ եղբայր ուներ։ Ըստ մեր բանակի կանոնների՝ եթե հարազատ եղբայրդ ծառայում է էսինչ համարի զորամասում, էնտեղ կարող ես առանց վիճակահանության ընկնել։ Հենց այդպես էլ Բիձեն արեց։ Չնայած կարող էր բախտը փորձել ու պակաս վտանգավոր տեղ ընկնել», – գրում է հեղինակը։
Գրքի առաջին մասում հեղինակն է, իր մանկությունը, ընտանիքի պատմությունը։
Պատերազմի ականատես հեղինակը մեզ ներկայացնում է մանրամասներ, զինվորական կյանքի, խրամատային «կենցաղի» որոշ դրվագներ. «Չեմ կարող մոռանալ՝ ինչպես մարտական գործողությունների սկսվելուց ի վեր առաջին անգամ տաք ճաշ կերա։ Արդեն մեկ ամսից ավելի էր, ինչ տաք բան չէի կերել», «Պատերազմի կեսին թշամու թիկունքում ես ու իմ երկու լավագույն ընկերները ձվով կարտոֆիլ ենք տապակում։ Կարտոֆիլը կտրտեցի փոքր խորանարդներով։ Մանր-մանր։ Տապակեցի. տղերքը զարմացած էին, դեռ երբեք նման բան չեն կերել», «Քնել դրսում՝ ձյան մեջ։ Որս անել։ Ժամանակ առ ժամաակ դիակների վրա դուրս գալ… պատերազմը մարդուն ուղիղ նախնադար է ուղարկում։ Ու էս նախնադարյան վիճակում, երբ մահն ամեն քայլափոխի վրա է, Աստված ասես ափիդ մեջ լինի»։
Գրքում հերոսներն իրական մարդիկ են, իրական են ապրումները, առանց կեղծ նոտաների, չափազանցությունների, ապրված նկարագություններ են, ապրված կյանք։
«Գիրքը գրվել եւ հրատարակվել է ռուսերեն։ Հայերեն թարգմանությունը ոչ միայն չափազանց հարազատ է բնագրին, այլեւ ամբողջապես փոխանցում է պատմողի ոճը, տրամադրությունը, ռիթմը, մթնոլորտը, եւ, իհարկե, հումորը։ Այսինքն, թարգմանիչը կարողացել է պահպանել հեղինակի ձայնը՝ չկորցնելով լեզվի մտերմությունն ու առօրեականությունը։ Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ գրքում հերոսները երբեմն խոսում են բարբառով, ինչը լեզվին տալիս է լրացուցիչ հմայք»,-գրքի առաջաբանում նշել է «Վերնատուն» հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Սարգսյանը։
Գիրքը բաղկացած էր երեք մասից՝ «Հոկտեմբեր», «Նոյեմբեր» եւ «Դեկտեմբեր. Վերջին արկածը»։
Գիրքը հաջողված է, այն պատասխանում է հարցին. որտեղ էր մարդը, որտեղ են պատերազմի ժամանակ հայտնվում մարդիկ, մենք՝ բոլորս, պստերազմը ջրբաժա՞ն է, թե՞ մի այլ բան։
Գրքի թարգանիչն է Նորայր Մանվելյանը։ Վերջինս գրքի վերջաբանում գրել էր. «Ինձ համար հույժ կարեւոր էր թարգմանական ողջ գործընթացում հեղինակի հետ շարունակական երկխոսությունը, որ թեպետ չպետք է վերածվի թարգմանչի՝ գրողի ստվերը եւ գուցե ստրուկը դառնալուն, ինչպես 1967թ. հայտնի էսսեում նշել է Ռոլան Բարտը՝ «Հեղինակը մեռած է»։ Կոլյան, ակտիվորեն ներգրավված լինելով գրքի թարգմանությանը, զգալի ավանդ է ունեցել այդ գործում»։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Գլխավոր լուսանկարը՝ Կոլյա Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից
«Առավոտ» օրաթերթ
19.02.2026
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: