Օրենքի անունով՝ ընդդեմ օրենքի. ինչու են վտանգավոր եկեղեցու դեմ իշխանության գործողությունները

Տիգրան Գրիգորյան

DemocracyWatch — Փետրվարի 14-ին քրեական գործ հարուցվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ։ Գործը վերաբերում է դատարանի որոշման կատարմանը խոչընդոտելու մեղադրանքին՝ կապված Հայ առաքելական եկեղեցու Մասսյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում Արման (Գևորգ) Սարոյանին ժամանակավորապես վերականգնելու հետ։

Հունվարի 10-ին Գարեգին Բ կաթողիկոսը Գևորգ Սարոյանին ազատել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից՝ նշելով լիազորությունների չարաշահման, պարտականությունների թերացման և հոգևորականների նկատմամբ ենթադրյալ ճնշումների մասին։ Սարոյանը, որը միացել էր եկեղեցու մի շարք այլ բարձրաստիճան հոգևորականների՝ կաթողիկոսի հրաժարականի կոչին՝  դիրքավորվելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գծի մեջ, դատարանում բողոքարկել էր իր պաշտոնանկությունը։ Հունվարի 16-ին Արմավիրի առաջին ատյանի դատարանը միջանկյալ որոշում կայացրեց՝ պարտավորեցնելով ժամանակավորապես վերականգնել նրան պաշտոնում մինչև գործի վերջնական քննությունը։

Հունվարի 28-ին Գերագույն հոգևոր խորհուրդը Սարոյանին կարգալույծ արեց՝ հնազանդության ուխտը խախտելու և կանոնական շեղումներ թույլ տալու հիմքով՝ նրան դարձնելով աշխարհական՝ Արման Սարոյան անունով։ Դատախազությունն ու քննիչները պնդում են, որ կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների (Եկեղեցու մշտական բարձրագույն խորհրդատվական մարմինը) հետագա գործողությունները խոչընդոտել են դատարանի որոշման կատարմանը՝ ենթադրաբար խախտելով Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածը (պաշտոնատար անձի կողմից դատական ակտի չկատարում կամ դրա կատարմանը խոչընդոտում)։

Հունվարի վերջին Քննչական կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնեց այս գործով։ Վեց եպիսկոպոսի (Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ) և մեկ քահանայի մեղադրանք առաջադրվեց, նրանց նկատմամբ կիրառվեց երկրից չհեռանալու արգելք՝ կանխելով մասնակցությունը Ավստրիայում փետրվարի 16-19-ին նախատեսված Եպիսկոպոսաց ժողովին։ Փետրվարի 14-ին դատախազությունը նույն հիմքով գործը տարածեց նաև Գարեգին Բ կաթողիկոսի վրա՝ նրա նկատմամբ ևս կիրառելով երկրից չհեռանալու արգելք՝ Ավստրիայի ժողովից օրեր առաջ։

Կաթողիկոսը հրաժարվեց ցուցմունք տալուց, իսկ Մայր Աթոռը դատապարտեց տեղի ունեցածը՝ այն որակելով անհիմն, ապօրինի և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված միջամտություն եկեղեցական գործերին։

Սա վարչապետ Փաշինյանի և Հայ առաքելական եկեղեցու ղեկավարության միջև շարունակվող առճակատման հերթական դրվագն է։ Այն ներառում է նույն մտահոգիչ տարրերը, որոնք դիտարկվել են առճակատման նախորդ փուլերում՝ միջամտություն եկեղեցու ներքին գործերին և կրոնական ինքնավարության խախտումներ, իրավապահ և դատական համակարգերի օգտագործում քաղաքական ճնշման և նեղ քաղաքական օրակարգերի առաջմղման համար, ինչպես նաև հրապարակային մեղադրանքներ՝ առանց ապացույցների և իրավական հիմնավորումների ներկայացման։

Մոտ մեկ ամիս առաջ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համար գրված հոդվածում կրոնական ազատության հարցերով փորձագետ Իզաբելլա Սարգսյանն ուսումնասիրել էր իշխող ուժի և եկեղեցու ղեկավարության միջև լայն առճակատումը՝ միջազգային և ներպետական իրավունքի տեսանկյունից՝ ներկայացնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) համապատասխան նախադեպերը։

Տե՛ս նաև՝ Կրոնական ազատություն և պետական չեզոքություն․ ինչ են ասում օրենքը և ՄԻԵԴ-ը

Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի Ֆերնանդես-Մարտինեսն (Fernández-Martínez) ընդդեմ Իսպանիայի գործը։ Այն վերաբերում էր քահանայի աշխատանքային պայմանագրի չերկարաձգմանը և բարձրացնում էր Կաթոլիկ եկեղեցու ներքին կառավարման հարցեր։ ՄԻԵԴ-ի Մեծ պալատը վճռել էր, որ պետությունը պարտավոր է հարգել կրոնական կազմակերպությունների ներքին որոշումները և զերծ մնալ դրանց կառավարմանը միջամտելուց։ Վճիռը վերահաստատել էր այն սկզբունքը, որ կրոնական համայնքները վայելում են ինքնավարություն՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի շրջանակում, մասնավորապես՝ հոգևորականների նշանակման և կառավարման հարցերում։

Սարգսյանն ընդգծել էր, որ դատական այս պրակտիկան Հայաստանի իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է։ Այս լույսի ներքո Արման Սարոյանին վերականգնելու դատարանի որոշումը կարող է հակասել ՄԻԵԴ նախադեպային իրավունքին և խախտել եկեղեցու կրոնական ինքնավարությունը։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական փորձագետ Աննա Մելիքյանը դատարանի որոշումը բնութագրել է որպես աննախադեպ՝ նշելով, որ եկեղեցուն պարտավորեցնելը հոգևորականին իր պաշտոնում վերականգնել չափազանց հազվադեպ երևույթ է։ Նա ընդգծել է, որ նման միջանկյալ միջոցները գրեթե երբեք չեն կիրառվում աշխատանքային վեճերում։

Եպիսկոպոսների և կաթողիկոսի նկատմամբ հարուցված քրեական գործերը խնդրահարույց են ոչ միայն այն պատճառով, որ կարող են հակասել ՄԻԵԴ վերոնշյալ վճռին և միջամտել եկեղեցու ներքին գործերին, այլև այն պատճառով, որ շատ մեկնաբանների կարծիքով՝ հիմնական նպատակը եղել է երկրից չհեռանալու արգելքի կիրառումը և Ավստրիայում եպիսկոպոսաց ժողովին մասնակցությունը խոչընդոտելը։

Վարչապետ Փաշինյանն ինքը ակնարկել էր այս մասին՝ Ավստրիայի ժողովը ներկայացնելով որպես կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տեղափոխելու փորձ և հայտարարելով․ «Ես թույլ չեմ տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել Էջմիածնի գանձերի հետ միասին։ Եթե հարկավոր լինի, միջոցներ կձեռնարկվեն»։ «Միջոցներ ձեռնարկելու» մասին այս հայտարարության հաջորդ օրը կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցվեց, նրա նկատմամբ կիրառվեց երկրից չհեռանալու արգելք։

Միջազգային իրավունքի փորձագետ և փաստաբան Արա Ղազարյանը նշում է, որ վերջին տարիներին Հայաստանում բազմաթիվ դատական ակտեր տարիներով չեն կատարվել, մինչդեռ այս դեպքում քրեական վարույթի բացումը ու դատական ակտի կատարման ապահովումը տեղի են ունեցան աննախադեպ արագությամբ։

Վարչապետի հայտարարության խնդրահարույց կողմերից է նաև այն, որ կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տեղափոխելու մտադրության վերաբերյալ լուրջ մեղադրանքները, որոնք պաշտոնապես հերքվեցին եկեղեցու կողմից, կրկին հնչեցվել էին առանց ապացույցների ներկայացման՝ կարծես հիմնավորելու հակասահմանադրական գործողություններ։ Նման մարտավարությունը, որը զուգորդվում է իրավապահ և դատական համակարգերի քաղաքականացմամբ, անհամատեղելի է ժողովրդավարական կառավարման և օրենքի գերակայության սկզբունքների հետ։

Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Տարածաշրջանային ժողովրդավարության և անվտանգության կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։

The post Օրենքի անունով՝ ընդդեմ օրենքի. ինչու են վտանգավոր եկեղեցու դեմ իշխանության գործողությունները appeared first on CIVILNET.

Leave a comment