«Փաստ» թերթը մանիպուլյատիվ է․ Մարզպետների որոշմամբ, պարբերաբար սոցիալական աջակցություն է տրամադրվում մարզի անապահովներին

«Փաստ» թերթը օրերս գրել էր, թե Սյունիքի մարզպետը «ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին»՝ ընդգծելով, որ դա կարելի է դիտարկել ընտրակաշառքի բաժանում, ինչը քրեորեն պատժելի արարք է։ Մամուլի տեսության շրջանակում այդ հրապարակումը տարածել էին բազմաթիվ լրատվամիջոցներ (1, 2, 3, 4):

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Սյունիքի մարզպետի որոշումը սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ, դրա իրավական հիմքերն ու կիրառման պրակտիկան։ Մասնավորապես, պարզել ենք, որ նման որոշումներ կայացրել են Հայաստանի բոլոր մարզպետները և դա ընդունված պրակտիկա է։ 

«Սոցիալական աջակցության մասին» օրենքի համաձայն՝ մարզպետը կարող է մասնակցել մարզում իրականացվող սոցիալական ծրագրերի մշակմանը և իրականացմանը։ Նա իրավասու է աջակցություն տրամադրել այն կազմակերպություններին կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք մարզում իրականացնում են սոցիալական ծրագրեր։

Օրենքը նաև նախատեսում է, որ հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում մարզպետը կազմակերպում է սոցիալական աջակցության տրամադրումը՝ համագործակցելով պետական կառավարման այլ մարմինների, համայնքների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ միայն Սյունիքում, այլ նաև այլ մարզերում։ Դրանց օրինակներն արձանագրվել են Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Արագածոտնի և Շիրակի մարզպետարանների որոշումներում։

Բոլոր մարզպետարանների աշխատակազմերի բյուջեներում առկա է «այլ նպաստներ բյուջեից» հոդվածը, որը նախատեսված է նմանատիպ սոցիալական վճարումների համար։

Արտապատկերումը՝ Գեղարքունիքի մարզպետի որոշումից:
Արտապատկերումը՝ Վայոց Ձորի մարզպետի որոշումից:
Արտապատկերումը՝ Արագածոտնի մարզպետի որոշումից:
Արտապատկերումը՝ Շիրակի մարզպետի որոշումից:

FIP.am-ը կապ է հաստատել Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանի հետ, որի ներկայացմամբ՝ սոցիալական աջակցությունները տրամադրվում են կարիքավոր քաղաքացիներին՝ օրենքով սահմանված կարգով։

Հարցին, թե արդյո՞ք տվյալ իրավիճակում առկա են կոռուպցիոն կամ ընտրական հանցագործության ռիսկեր, Մարտիրոսյանը նշել է, որ մարզպետն ունի որոշում, որով սահմանափակվում է տարվա ընթացքում նույն ընտանիքին աջակցության տրամադրման հաճախականությունը (մեկ անգամ), ինչը բացառում է «ընտրյալ» ընտանիքների գոյությունը։ Նա նաև ընդգծել է, որ սոցիալական աջակցության տրամադրումը մարզպետարանի մշտական գործառույթ է և չի ակտիվացել նախընտրական շրջանում։

FIP.am-ը ուսումնասիրել է նաև Սյունիքի մարզպետի 2023-2025 թվականների որոշումները, որոնք ցույց են տալիս, որ ֆինանսական աջակցությունները տրամադրվել են պարբերաբար՝ ոչ միայն ընտրական ժամանակահատվածում։ Նմանատիպ որոշումներ արձանագրվել են նաև այլ մարզպետների դեպքում նույն ժամանակահատվածում (1, 2, 3, 4

Այսպիսով՝ «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սոցիալական աջակցությունների տրամադրումը մարզպետարանների համար օրենքով նախատեսված գործառույթ է և իրականացվել է շարունակական կերպով՝ նաև նախորդ տարիներին։ Հետևաբար «Փաստ» թերթի հրապարակումը մարզպետի կողմից հնարավոր ընտրակաշառք բաժանելու և օրենքով պատասխանատվության ենթարկելու նպատակահարմարության հարցը բարձրացնելու մասին, մանիպուլյատիվ է։

The post «Փաստ» թերթը մանիպուլյատիվ է․ Մարզպետների որոշմամբ, պարբերաբար սոցիալական աջակցություն է տրամադրվում մարզի անապահովներին appeared first on FIP.AM.

Leave a comment