Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր առավոտյան Սանդրինգհամում` Անգլիա, ձերբակալվել է Էնդրյու Մաունթբաթթեն-Ուինձորը, թագավոր Չարլզի հարազատ եղբայրը, թագուհի Էլիզաբեթ II-ի որդին` Բրիտանիայի նախկին առևտրական ներկայացուցիչ ու արդեն նախկին Արքայազն Էնդրյուն:
Արքայազնի խնդիրները սկսեցին այն բանից հետո, երբ ավստրալուհի Վիրջինիա Ջյուֆրեն մեղադրեց նրան իրեն բռնաբարելու մեջ, իսկ հետո՝ շատ արագ հրապարակվեցին Էպստինի հետ նրա շարունակական ընկերության մասին տվյալներ:
ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից Էպստինի գաղտնի, մասնավոր ֆայլերի հրապարակումից հետո հայտնի դարձավ, որ Էնդրյուն այլ դեռատի կանանց հետ նույնպես կապեր է ունեցել Էպստինի դղյակներում:
Բայց ամենամեծ օրինազանցություն համարվեց այն, որ Բրիտանիայի առևտրական ներկայացուցիչ արքայազնը, ինչպես պարզվեց, գաղտնի առևտրային տեղեկատվություն էր փոխանցել ֆինանսիստ Էպստինին:
(Ի դեպ` միայն ռսական ռեսուրսներից սնվող հայրենակիցներ. Էպշտեյնը ձեր տերերի լեզվով է ԷպՇՏԵՅն: Անգլերենում հնչում և արտաբերվում է ոչ թե գերմանական հնչողությամբ` այլ անգլիական` ԷպսՏԻՆ):
Բրիտանական պետությունը չի կարող ներել անգամ իր պետության գլխի հարազատ եղբորը, երբ նա պետական իր դիրքը կիրառում է հանուն մասնավոր` անձնական օգուտի:
Եվ Էնդրյույի անկումն այսօր նոր հատակի հասավ: Թագավորական ընտանիքի ամենաբարձրադիր անդամի ձերբակալության:
Թագավոր Չարլզը (Կառլը գերմանախոս ռուսների հորինվածքն է) հայտարարել է, որ սատարում է հարազատ եղբոր ձերբակակության փաստը:
Այսօր Ասիայում մեկ այլ համանման իրադարձություն է տեղի ունեցել:
Հարավային Կորեայի վերջին նախագահ Յուն Սուկ Յոլն այսօր դատապարտվել է ցմահ բանտարկության, թեև դատախազն ավելին` մահապատիժ էր պահանջել:
Յունը մեղավոր է ճանաչվել ժողովրդի դեմ դավադրություն կազմակերպելու մեջ, որովհետև քաղաքական նպատակներից ելնելով` արտակարգ դրություն էր հայտարարել ընդամենը մի քանի ժամով երկրում և զինվորներ էր ուղարկել` շրջափակելու խորհրդարանը:
Խորհրդարանը նրան արագ իմփիչ էր արել և նախագահը մեկ օրում դարձել էր պարզապես Յուն:
Բրիտանիան և Հարավային Կորեան ոչ միայն ժողովրդավարություններ են, այլև բարձր գիտակցություն ունեցող ժողովուրդներ ունեցող երկրներ են: Այդտեղ ժողովրդին հաշվետու է իշխանությունը և երբ փորձում է անտեսել ժողովրդին` անմիջապես ծանրագույն պատասխանատվության է կանչվում: Ժողովուրդը բուլդոզում է բոլոր այն կառավարիչներին, որոնք անարգում են իրեն, օգտագործում իրեն կամ պարզապես իրենց ճիշտ չեն պահում ժամանակավոր և անգամ ինչպես Էնդրյուի պարագայում` իրենց մշտական պաշտոններում:
Դրանք բադրիջանային հանրապետություններ չեն, որտեղ իշխանությունը թքած ունի ժողովրդի վրա ու ոչնչացնում է ժողովրդին ու նրա բնօրրանը, իսկ ժողովուրդը չի համագործակցում իրեն ջնջող իշխանության հետ ու չի քաջալերում նրան: Դա իրականություն է, որ դիստոպիական նովելներում էին միայն հանդիպում:
Մեծախոս, մեծաբերան, արտաքուստ իբր հերոսական, բայց խորքում ողորմելի պատմությամբ հպարտացող չեն ո՛չ բրիտանացիները և ո՛չ կորեացիները: Նրանց պատմությունները կամքի, դիմադրության և պայքարի մասին են: Դրանք արժանապատիվ ժողովուրդներ են: Նրանք չեն մտածում, թե իրենք ոչինչ անել չեն կարող ու տարված չեն լափամոլությամբ ու հեշտասիրությամբ:
Դրանք պետականակերտ, հաշվեպահանջ և իրենց երկրին ու սեփական ճակատագրին տեր ժողովուրդներ են, որոնք սրբում-տանում են ճանապարհից այն ամեն աղբն` ինչ ոմանք սիրով ուտում են, իսկ իրենք` նետում աղբանոց:
Բրիտանիայում դեռ նոր զարգացումներ կլինեն: Եվ անգամ թագավորի եղբորը վարչաքրեական իրավախախտումը չի ներվելու»: