Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ ԵՄ-ից պատժամիջոցներ է խնդրել Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի նկատմամբ՝ մարդասիրական «Սումուդ» նավատորմի անդամների դեմ գործողությունների համար։
Իտալացի նախարարը սոցիալական ցանցերում գրել է, որ պահանջում է պատժամիջոցներ «նավատորմի դեմ կատարված անընդունելի գործողությունների, այդ թվում՝ միջազգային ջրերում ակտիվիստների գերեվարման և նրանց նկատմամբ կիրառված ոտնձգությունների ու նվաստացման համար»։
Պատժամիջոցների խնդրանքը հաջորդել է տեսանյութի հրապարակմանը, որտեղ երևում է, թե ինչպես են իսրայելցիների կողմից ձերբակալվածշ «Սումուդ» գլոբալ նավատորմի ակտիվիստները ծնկի են իջել՝ ձեռքերը կապված և գլուխները գետնին խոնարհած։ Բեն-Գվիրը նրանց վրա ծածանել է Իսրայելի դրոշը։
Մայիսի 21-ին Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության խոսնակը կոչ էր արել Իսրայելի կառավարությանը «ապահովել այս ակտիվիստների, այդ թվում՝ մի քանի ԵՄ քաղաքացիների պաշտպանությունն ու արժանապատիվ վերաբերմունքը»։ Նա կոչ էր արել անհապաղ ազատ արձակել Գազայի համար գործող նավատորմի բոլոր ձերբակալվածներին։
Մայիսի 18-ին Իսրայելի զինված ուժերը գործողություն սկսեցին՝ նավատորմը Միջերկրական ծովի միջազգային ջրերում (Գազայի ափից մոտավորապես 250 ծովային մղոն հեռավորության վրա) կանգնեցնելու համար։ Գործողությունն ավարտվեց մայիսի 19-ին, երբ բոլոր նավատորմի նավերը վերահսկողության տակ վերցվեցին։ 39 երկրներից ընդհանուր առմամբ ձերբակալվել է 430 ակտիվիստ։
Մայիսի 20-ին Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հաստատել է նավատորմի բոլոր անդամների ձերբակալությունը։ Ակտիվիստները տեղափոխվել են Իսրայելի Աշդոդ նավահանգիստ։ «Սումուդ» նավատորմը միջազգային քաղաքացիական հասարակության նախաձեռնություն է, որը մեկնարկել է 2025 թվականին պաղեստինամետ կազմակերպությունների կոալիցիայի կողմից։ Դրա հայտարարված նպատակն է ճեղքել Գազայի հատվածի ծովային շրջափակումը, մարդասիրական օգնություն հասցնել և ուշադրություն հրավիրել անկլավի բնակչության ծանր վիճակի վրա։ Ձերբակալությունից առաջ Իսրայելը զգուշացրել էր նավատորմի մասնակիցներին փոխել ուղղությունը։