Գեղասահքի Ռուսաստանի եռակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը 6-րդ տեղը գրավեց Իտալիայում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի կանանց մենասահքում։
Ազատ ծրագրից հետո 18-ամյա գեղասահորդը միավորների քանակը հասցրեց 214.53-ի։ Կարճ ծրագրից հետո Պետրոսյանը 5-րդն էր։
1960 թվականից հետո առաջին անգամ Ռուսաստանն առանց մեդալի մնաց ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարում։
Կանանց մենասահքում օլիմպիական չեմպիոն հռչակվեց 2025թ․ աշխարհի չեմպիոն, ամերիկացի Ալիսա Լիուն, որը հավաքեց 226.79 միավոր։ 20-ամյա Լիուն այս Օլիմպիական խաղերում ոսկե մեդալակիր էր դարձել նաև թիմային պայքարում։
Օլիմպիական փոխչեմպիոն դարձավ աշխարհի եռակի չեմպիոն, ճապոնացի Կաորի Սակամոտոն (224.90), երրորդ տեղը գրավեց Ճապոնիայի մեկ այլ ներկայացուցիչ Ամի Նակային (219.16), որն առաջատարն էր կարճ ծրագրից հետո։
Ադելիա Պետրոսյանն Օլիմպիական խաղերին մասնակցեց չեզոք դրոշի ներքո։ Նա Ռուսաստանի նախորդ երեք առաջնությունների հաղթողն է։