Երևի իմ բախտն է, որ արժանացա այս ֆիլմը նկարելու պատվին. Կայացավ՝ Վահան Հովհաննիսյանին նվիրված «Ձեր Վահանը» ֆիլմի պրեմիերան. (Ֆոտոշարք)

«Ես շատ երկար մտածում էի, ինչպես ներկայացնել Վահան Հովհաննիսյանին։ Շատ մեծ պատիվ էր ու պարտավորություն՝ ներկայացնել իմ ընկերոջն այնպես, որ որպես արժեք մնա սերունդների համար»,- ՀՅԴ Բյուրոյի երկարամյա անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, մտավորական, պատմաբան, քաղաքական գործիչ, դաշնակցական Վահան Հովհաննիսյանի 70-ամյակին նվիրված երեկոյի ժամանակ՝ «Ձեր Վահանը» ֆիլմը ներկայացնելիս նշեց TV 5 հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։

Նա ֆիլմի շնորհանդեսին ֆիզիկապես չէր մասնակցում, որովհետև բացակայում էր Հայաստանից, ուստի ասելիքը փոխանցվեց տեսանյութով։ «Ձեր Վահանը» TV 5-ի հերթական, բայց ոչ սովորական աշխատանքն է։

«Ձեր Վահանի» հիմքում Վահան Հովհաննիսյանի նամականին է։ Ստեղծագործական կազմին հաջողվել է այնպիսի ֆիլմ ստանալ, որտեղ բոլորովին այլ անկյունից ենք տեսնում Վահան Հովհաննիսյանին։ Ֆիլմի վրա աշխատել է մի սերունդ, որը, Հարություն Հարությունյանի ձևակերպմամբ, չի ճանաչել Վահան Հովհաննիսյանին, բայց ֆիլմի աշխատանքներից հետո սիրել է նրան։ Վահան Հովհաննիսյանին մարմնավորել է Պարույր Սանթրոսյանը, ֆիլմում կան արխիվային բացառիկ կադրեր։

Ռեժիսորը Մարիամ Եգորյանն է, սցենարի հեղինակը՝ Լևոն Գալստյանը։

«Վահան Հովհաննիսյանն ինձ համար ավագ, մեծ ընկեր էր, երևի իմ բախտն է, որ արժանացա նրա մասին ֆիլմ նկարելու պատվին»,- ասաց Հարություն Հարությունյանը։

Ֆիլմից հետո սկսվեց նաև յուրատեսակ պանելային քննարկում, որը վարում էր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Քաղաքական, հասարակական գործիչները, մտերիմներն ու Վահան Հովհաննիսյանի հետ շփված մարդիկ հուշեր պատմեցին։ Շատերը Վահան Հովհաննիսյանի մասին խոսել էին նաև ֆիլմի ցուցադրությունից առաջ։ Երեկոյին ներկա էր նաև Վահան Հովհաննիսյանի քույրը՝ Վիկտորիա Հովհաննիսյանը։

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Վահան Հովհաննիսյանին բնորոշեց որպես քաղաքական դաշտի համուհոտ։ «Վահանը ոչ ստանդարտ կերպար էր, շատ տարբերվող էր՝ իր ապրելակերպով, կացութաձևով, ամեն ինչով, ես միշտ ցավում եմ, որ կենդանության օրոք ի վիճակի չենք մարդկանց գնահատել»,- ասաց նա։

ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ի թիվս այլնի, առանձնացրեց Վահան Հովհաննիսյանի բացառիկ հումորը։ Նա նշեց, որ որպես լրագրող Վահան Հովհաննիսյանի հետ շփվել է 2000-ականներից և ընդգծեց, որ նրա կարծիքն ու դիտարկումները շատ կարևոր էին հայաստանյան քաղաքական դաշտի համար։

«Վահան Հովհաննիսյանը խոշոր մտավորական էր, հասարակական-քաղաքական գործիչ, ինքը միշտ ներկա էր ազգային, քաղաքական խնդիրների հետ կապված ցանկացած միջոցառման… Վահան Հովհաննիսյանը հզոր քաղաքական գործիչ էր, նա խոսքի կուլտուրայով չէր ցուցադրում իր այդպիսի կերպար լինելը։ Ինքը շատ համեստ մարդ էր… Վահան Հովհաննիսյանը ունիկալ քաղաքական գործիչ էր, ամենաբարդ խնդիրները կարողանում էր 5 րոպեում վերլուծել ու փոխանցել ընկերներին, իրեն ամեն ինչում օգնում էր նաև բնածին հումորը»,- նշեց բանաստեղծ, արձակագիր Ռոլանդ Շառոյանը։

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի խոսքով, Վահան Հովհաննիսյանը շատ լավ գործընկեր էր, նա առանձնանում էր իր շարմով։

Գեղամ Մանուկյանը հետաքրքիր դրվագներ պատմեց Վահան Հովհաննիսյանի վերաբերյալ, նաև նրա սարկազմի ու հումորի զգացողության մասին, օրինակ՝ ինչպես էր սարկազմով ստորագրում Վասակ Մերուժանի Մելիք-Ֆրանգուլյան, որովհետև մեղադրվում էր իբր դավաճանության մեջ, կամ ինչպես էր «դատվելիս»՝ ի պատասխան դատավորի նկատողության, թե ում հետաքրքիր չէ, կարող է հեռանալ դատարանի դահլիճից, պատասխանել, որ իրենց բացարձակ հետաքրքիր չէ, ցանկություն ունի հեռանալու։

Հետաքրքիր դրվագներ ներկայացրեց նաև Վահան Հովհաննիսյանի հետ երկար ճանապարհ անցած ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, որը Վահանին ճանաչել էր հոր միջոցով։

«Այնպես չի, որ Վահանը միայն ձերն էր, Վահանը նաև մերն էր, հայ ժողովրդինն էր, սա ասում եմ ի սրտե իմ բոլոր կուսակցական գործիչների անունից, որոնցից շատերն այս դահլիճում են»,- ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա անդրադարձավ Վահան Հովհաննիսյանի՝ ՀՀԿ-ականներին դալաններում ծեծելու հայտնի արտահայտությանը։ «Դալաններում մենք չենք հայտնվել, մնացել ենք ընդդիմություն, այդ մի փոքր պրոգնոզը ընկեր Վահանի մոտ չստացվեց»,- հումորով ասաց Աշոտյանը։

Ապա հավելեց, որ Վահան Հովհաննիսյանի քաղաքական մրցակիցը լինելը մեծ պատիվ էր. «Անգամ ես երբեմն ինձ երևակայում էի որպես իր քաղաքական ընդդիմախոս, որովհետև տարիքային, կենսագրական առումով այդ արժանիքները չունեի, որպեսզի հավասարը հավասարի հետ ոտք գցեի»։

Արմեն Աշոտյանը նաև իրենց վերջին՝ հուզիչ հանդիպման մասին պատմեց, երբ Վահան Հովհաննիսյանը Գերմանիայում Հայաստանի դեսպանն էր ու վատառողջ էր։

Ֆիլմում ներկայացված նամակներից մեկում Վահան Հովհաննիսյանն իր սարկազմի մասին ասում է, որ ագրեսիվ չլինելու միակ ճանապարհը սարկազմով ամեն ինչին վերաբերվելն է։ Այդպիսին էլ մնաց բոլորի մտապատկերում՝ խարիզմատիկ, բացառիկ ու հպարտ՝ Հայաստանով և Արցախով, որի ժամանակավոր կորուստը, բարեբախտաբար, չտեսավ։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment