ԱՄՆ-ի կառավարությունը նախատեսում է Գազայի հատվածում ռազմական բազա կառուցել, հաղորդում է Guardian-ը՝ հղում կատարելով «Խաղաղության խորհրդի» պայմանագրային փաստաթղթերին։
«Թրամփի վարչակազմը նախատեսում է Գազայում ռազմական բազա կառուցել՝ 5 հազար մարդու համար, որը կզբաղեցնի ավելի քան 350 ակր (ավելի քան 141 հեկտար – խմբ.) տարածք», – գրում է Guardian-ը։
Թերթի տվյալներով՝ նախատեսվում է, որ բազան կդառնա Գազայի հատվածում միջազգային կայունացման ուժերի տեղակայման վայրը։
Նշվում է, որ բազան նախատեսվում է կառուցել Պաղեստինի հարավային շրջանի չորային, հարթ տարածքում։
Թերթի տվյալներով՝ պատերազմական գոտիներում փորձ ունեցող միջազգային շինարարական ընկերությունների փոքր խմբի ներկայացուցիչներն արդեն այցելել են առաջարկվող շինհրապարակ։ Թերթը շեշտում է, որ պարզ չէ, թե ում է պատկանում այդ հատվածը, սակայն հարավային Գազայի հատվածի զգալի մասը ներկայումս վերահսկվում է Իսրայելի կողմից։
Թրամփի վարչակազմի պաշտոնյան հրաժարվել է թերթին մեկնաբանություն տալ բազայի ստեղծման ծրագրերի մասին՝ նշելով, որ Գազայի հատվածում ամերիկացի զինվորականների ներկայություն չի լինի: