Դուք իսկապես մեծ աշխատանք եք կատարել. Թրամփը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Խաղաղության խորհրդի առաջին նիստում հայտարարել է, որ խաղաղությունից կարևոր ոչինչ չկա


ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Խաղաղության խորհրդի առաջին նիստում հայտարարել է, որ խաղաղությունից կարևոր ոչինչ չկա։


«Ես շատ շնորհակալ եմ ձեզ, դուք իսկապես մեծ աշխատանք եք կատարել։ Դուք արդեն ընկերներ եք։ Ի դեպ, երբ նրանք եկան իմ գրասենյակ, նրանք կանգնել էին օվալաձև սենյակի հակառակ կողմերում, իրարից հեռու։ Նրանց առաջարկեցի մոտենալ միմյանց։ Հասկանալի է, մարդիկ 32 տարի շարունակ սպանել են միմյանց։ Մեկ ժամ անց, երբ ստորագրեցինք համաձայնագիրը, նրանք գրկախառնվեցին։ Այժմ ունենք խաղաղություն երկու կարևոր երկրների միջև։ Ես երբեք չեմ մոռանա այդ ակնթարթները։ Դուք կարճ ժամանակում հասաք հաջողության, դուք բավականին ուժեղ եք և կարող եք հպարտանալ ձեզնով։ Շնորհակալ եմ ձեզ»,- ասել է Թրամփը։


Նշենք, որ Վաշինգտոնում Փաշինյանը և Ալիևը մասնակցում են Խաղաղության խորհրդի նիստին։


Վաշինգտոնյան հռչակագրի մասին


Վաշինգտոնում 2025թ.-ի օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։


Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։


TRIPP նախագծի մասին  


«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։  


2025թ.-ի դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։

Leave a comment