Կարեն Ֆարխոյանը հայտարարեց, որ ինքն առանձնահատուկ հարգանքով է վերաբերվում Բագրատ սրբազանին

«Դուք կալանք եք տալիս, ասելով, որ ռիսկերը չեն նվազել․ ո՞ր ռիսկերը, ապացույց չկա, ինչի՞ մասին է խոսքը»,- «18 արդարների» գործով նիստում դատավոր Կարեն Ֆարխոյանին (լուսանկարում) դիմեց «Սրբազան» պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանը։

Դատավորը փորձեց բացատրել, որ մինչեւ ապացույցները չհետազոտվեն, ինքը չի կարող կալանքից ազատել մեղադրյալներին։ Բագրատ սրբազանը կրկին տարակուսեց՝ ո՞ր ապացույցների մասին է խոսքը, երբ դրանք չկան։

Ի դեպ, դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց, որ ինքն առանձնահատուկ հարգանքով է վերաբերվում սրբազանին։

Մանրամասները՝ տեսանյութում

Դատարանը քննում է Իգոր Սարգսյանի կալանքի հարցը։ Նա երեք ամիս է՝ տնային կալանքի տակ է գտնվում։ Հանրային մեղադրողը հայտարարեց՝ ռիսկերը չեն նվազել, միջնորդում է կալանքը երկարացնել։ Պաշտպանը միջնորդեց փոխել տնային կալանքը՝ կիրառելով չբացակայելու արգելքը եւ գրավ։

Հասարակական գործիչ, այս գործով մեղադրյալ Վահագն Չախալյանն էլ հայտարարեց, որ չէր ցանկանում մասնակցել նիստին, բայց քանի որ քննվելու էր Բագրատ սրբազանի կալանքի հարցը, ներկայացել է դատարան․ «Ամենեւին չչարանալով ոչ Ձեր դեմ, ոչ մեղադրողների դեմ, պատվարժան դատարան, նախ սխալ է, որ այստեղ ՀՀ եռագույնն է կախած։ Դուք Հայաստանի Հանրապետության եռագույնով չեք ընդունում վճիռներ..»։

Վահագն Չախալյանի խոսքի շարունակությունը չլսվեց, դատավորը նախ նախատեց նրան՝ ասելով, որ սա արդեն վիրավորական է դառնում, ապա անջատեց բարձրախոսը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment