«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ իմ կյանքն է ձեր իշխանության ներքո, ոչ էլ իմ ազատությունը»,- «18 արդարների» գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով իր կալանքը երկարացնելու հարցին։
Դատախազը միջնորդել էր սրբազանի կալանքը երեք ամսով երկարացնել։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը կալանքի ժամկետը երկարացրեց երկու ամսով:
«Ո՞վ է մեզանից կալանավորվածը, ո՞վ է գտնվում ազատության մեջ։ Ե՞ս, որ հոգով ապրում եմ ազատության բոլոր սահմանները, թե՞ դուք, որ կալանավորված եք։ Ո՞վ է ազատության մեջ»,- հանրային մեղադրողներին դիմեց սրբազանը՝ հավելելով, որ ազատությունից զրկելը Աստծո գործն է, ոչ թե դատախազների, դատավորների, ոչ էլ ինչ-որ կենդանական ծագումով իշխանավորների։
«Այնպես որ՝ թող մտածի նա, ով կալանավոր է։ Ինչո՞վ է կալանավոր՝ փողով, պաշտոնով, տուն պահելու ցանկությամբ, վախերով, հեռաձայներով․․․ Երեկ Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատավճիռ կայացրեցին, դրանից առաջ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին…։ Թույլ տվեք ասել, որ ես ամաչում եմ, որ այստեղ կանգնած կալանքի մասին եմ խոսում, երբ իմ եղբայրները, որոնց հետ աղ ու հաց եմ կիսել, տառապում են այնտեղ»,-ասաց արբազանը։
Նա հատուկ շնորհակալություն հայտնեց Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին․ «Իր հայրը, գտնվելով տառապանքի մեջ, նա մեր մասին չմոռացավ, թեպետ ես ապերախտ եմ եղել, իրենց մասին մոռանալով, ինձ հնարավորություն տվեց հոգեւոր իմաստով պատվարժան նախագահի հետ միասին հաց ու աղ կիսելով՝ ինքը գտնվելով Բաքվի բանտում, ես խցում։ Շնորհակալ եմ, Տիգրան, Աստված զորացնի ձեզ»։
Շարունակելով իր ելույթը՝ Բագրատ Սրբազանն ասաց՝ չի ընդունելու ոչ տնային կալանքը, ոչ գրավը, ոչ էլեկտրոնային սարք, իսկ երկրից բացակայելու արգելքն ամենաավիրավորականն է։
«Ես ոչ մի տեսակի հիվանդություն չունեմ, ցանկություն եւ տրամադրություն էլ չունեմ հիվանդանալու, դա էլ պատճառ չի։ Ոչ էլ մտածեք փոփոխելու մասին։ Միակ տարբերակն այն է, որ այստեղից կգնանք։ Ես այստեղից կամ ոտքով եմ դուրս գալու, կամ էլ՝ պատգարակով»,- իր խոսքն այսպես ավարտեց սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Գործով մյուս մեղադրյալները հայտարարեցին՝ բոլորիս ամոթն է, որ Բագրատ սրբազանը կալանավորված է։ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը նաեւ հավելեց` քանի որ Հայաստանում արդարադատությունը ուղիղ համեմատական է քաղաքական գործընթացներին, վստահ է՝ թե’ սրբազանի, թե’ իր, թե’ Իգոր Սարգսյանի խափանման միջոցը չեն փոխվելու։
Մանրամասները՝ տեսանյութում.
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: