Միջազգային մամուլում շրջանառվող տեղեկությունները Ուկրաինայի հարցով հնարավոր համաձայնագրում Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման վերաբերյալ, փաստում են, որ Հայաստանի ապազավթումն ու ազատագրումն այլևս գլոբալ օրակարգ է։ Ռուսաստանին ուղղված ԵՄ պահանջը Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման մասին կազատի հորինված վախերով կաշկանդված ՀՀ քաղաքական ու պետական գործիչներին։
Պահպանողական կուսակցությունը ողջունում է Հայաստանում ռուսական ռազմական ներկայության դադարեցմանն ուղղված այս գործընթացը, սակայն անընդունելի է համարում, երբ Հայաստանի ճակատագիրը որոշվում է այլ մայրաքաղաքներում՝ որպես փոխհատուցում կամ զիջում։ Հայաստանը պիտի լինի այս գործընթացի թելադրողը, ակտիվ մասնակիցը։ Այս պարագայում ՀՀ իշխանության լռությունն ու կրավորականությունը կորակվի հանցավոր անգործություն անկախության, ժողովրդավարության, քաղաքակրթության նկատմամբ։
Պահպանողական կուսակցությունը պահանջում է ՀՀ իշխանությունից դադարեցնել կրավորական սպասումը, թե երբ գերտերությունները կպայմանավորվեն մեր փոխարեն։ ՀՀ իշխանությունը պարտավոր է անհապաղ նախաձեռնել ՀՀ-ից ռուսական ռազմակայանի և զորքերի դուրս հրավիրման իրավական-քաղաքական սեփական գործընթացը սեփական ժամանակացույցով՝ այն դարձնելով ՀՀ ինքնիշխան կամքի արտահայտություն, ոչ թե միջազգային սակարկության առարկա։
Պահպանողական կուսակցություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: