Պեսկովը խոսել է Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլի մասին

Կրեմլը կտեղեկացնի Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլի վայրի մասին, երբ կոնկրետություն լինի։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք դեռ որևէ հայտարարություն չենք անում: Երբ կոնկրետություն լինի, ինչպես և նախորդ անգամ, անմիջապես կտեղեկացնենք ձեզ», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա կրկին Ժնևում, թե այլ տեղ:

Նրա խոսքով՝ Ժնևում բանակցություններն անցկացվել են տարբեր ձևաչափերով, և ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու հանդիպումը ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչների հետ դրանցից մեկն էր:

«Մեդինսկին ասել է, որ բանակցությունները տարբեր ձևաչափերով են եղել։ Դա շփման ձևաչափերից մեկն է», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է փակ հանդիպման անհրաժեշտություն եղել Մեդինսկու և ուկրաինական պատվիրակության միջև։

Դմիտրի Պեսկովը հայտարարել է նաև, որ ՌԴ պատվիրակության ղեկավարի և ուկրաինական պատվիրակության միջև տեղի ունեցած շփումների բովանդակության վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելու ծրագրեր չկան։

«Բանակցությունները այնպիսի փուլում են, որը հանրային քննարկում չի նախատեսում»,- հայտարարել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարը։

 

Leave a comment