AI «քահանան», Գարեգին Բ-ի «սպանության» ծրագիրը և ԵԽԽՎ բանաձևը․ ապատեղեկատվական նոր արշավ 

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Վերջին շաբաթներին ռուսալեզու և անգլալեզու մի շարք հարթակներում տարածվել են «հետաքննական» ձևաչափով հրապարակումներ, որոնք պնդում են, թե Հայաստանում իրականացվում են բարձրաստիճան հոգևորականների զանգվածային խոշտանգումներ, դատարանները գտնվում են կառավարության բացարձակ վերահսկողության տակ, իսկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ իբր գոյություն ունի ֆիզիկական վերացման գաղտնի ծրագիր։ 

Հոդվածներում նաև վկայակոչվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մի բանաձև, որը, ըստ հեղինակների, դատապարտում է Հայաստանի իշխանությունների գործողությունները։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է հրապարակումները և պարզել, որ դրանցում ներկայացված տեղեկատվությունը հորինված է, իսկ աղբյուրները կապված են ապատեղեկատվության տարածմամբ զբաղվող հայտնի ցանցերի հետ։

Հորինված խոշտանգումներ և Կաթողիկոսի «սպանության ծրագիրը»

Փետրվարի 14-ին ռուսալեզու «Բռնաճնշումների դեմ պայքարի ֆոնդը» (Фонд борьбы с репрессиями, ФБР) հրապարակել է մի հոդված, որտեղ նկարագրվում են Հայաստանում եկեղեցականների խոշտանգումների տեսարաններ:
Որպես ապացույց կայքը ներկայացրել է «Գևորգ Խաչատրյան» անունով մի քահանայի տեսաուղերձը, որը, սակայն, իրականում գոյություն չունեցող՝ հորինված անձ է: Տեսանյութում «քահանան» արհեստական բանականությանը բնորոշ հայերեն անբնական սինթեզված ձայնով պատմում է, որ «խոշտանգումների» է ենթարկել: Նա պնդում է, թե իբր իրեն առևանգել են և տեղափոխել Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան, որտեղ սովի են մատնել և եղունգների «փայտե տաշեղներ մտցրել»:

Էկրանապատկերում՝ եկեղեցականների խոշտանգման մասին ФБР-ի կեղծ հոդվածը

Տեսանյութում «քահանան» նաև հայտնում է հորինված պատմություն, թե ականատես է եղել ԱԱԾ-ում ևս վեց հոգևորականների կտտանքների, որոնցից մեկն իբր խոշտանգումներից մահացել է: 

Արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակության ճանաչման Hive Moderation և Sightengine առցանց հարթակները վկայում են, որ տեսանյութը ստեղծվել է AI-ի՝ դեմքի փոփոխման տեխնոլոգիաների միջոցով։

Տեսանյութում՝ AI-ով ստեղծված կեղծ քահանայի վկայությունը fondfbr[.]ru կայքից

Միևնույն ժամանակ, հոդվածում վկայակոչվում է անանուն աղբյուր, ըստ որի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նստավայրում համաձայնեցվել է Գարեգին Բ կաթողիկոսին վերացնելու գաղտնի ծրագիր: Այն իբրև բաղկացած է երկու փուլից. սկզբում նախատեսվում է քրեական գործ հարուցել Կաթողիկոսի դեմ՝ «սփյուռքի հիմնադրամների միջոցով փողերի լվացման» մեղադրանքով, իսկ այնուհետև իրականացնել նրա ձերբակալությունն ու սպանությունը մեկուսարանում՝ սրտի կաթված հիշեցնող «մահացու ներարկման միջոցով»:

Հարկ է նշել, որ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Կաթողիկոսի նկատմամբ քրեական վարույթ է իրականացվում և կիրառվել է ելքի արգելք, սակայն սա կապված է բոլորովին այլ իրավական գործընթացի հետ: Վարույթը վերաբերում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելուն, որն առնչվում է Մասսյացոտնի թեմի առաջնորդության շուրջ դատական վեճին և Գևորգ (Արման) եպիսկոպոս Սարոյանի պաշտոնավարմանը: Ի հեճուկս հոդվածում ներկայացված պնդումների, Կաթողիկոսին կալանավորելու որոշում կամ պաշտոնական հայտարարություն այս պահին առկա չէ։

Էկրանապատկերում՝ Կաթողիկոսի դեմ մահափորձի ծրագրի մանրամասները

Ռուսական ապատեղեկատվական ցանցը շահարկում է իրական իրադարձությունները՝ փորձելով առաջ մղել այն դավադրապաշտական թեզը, թե կառավարությունը մտադիր է «ուկրաինական սցենարով» ստեղծել նոր «պետական եկեղեցի», որը պետք է վերահսկվի կառավարության կողմից։

Չնայած հորինված խոշտանգումների և սպանության ծրագրերին, իշխանությունների և եկեղեցու միջև առկա լարվածությունը փաստ է. 2025-ից ի վեր առնվազն 11 եկեղեցական կալանավորվել է կամ ենթարկվել քրեական հետապնդման, այդ թվում՝ հինգ բարձրաստիճան հոգևորականներ։ Սակայն խոշտանգումների մասին ոչ հոգևորականները, ոչ էլ նրանց պաշտպանները երբևէ չեն հայտնել։

«Բռնաճնշումների դեմ պայքարի ֆոնդը», որը տարածում է այս լուրերը, անկախ իրավապաշտպան կազմակերպություն չէ: Այն հիմնադրվել է 2021 թվականին ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի կողմից: Մինչ մահը, Պրիգոժինը ստեղծել էր բազմաթիվ ապատեղեկատվական հարթակներ, այդ թվում՝ հայտնի կրեմլյան «տրոլների ֆաբրիկան»: Այժմ ֆոնդը գլխավորում է Միրա Տերադան (նաև հայտնի որպես Օքսանա Վովկ), որը ԱՄՆ-ում բանտարկվել է փողերի լվացման համար: Այս հարթակը պարբերաբար կեղծ լուրեր և դավադրապաշտական տեսություններ է տարածում Հայաստանի ու այլ երկրների վերաբերյալ։

ԵԽԽՎ-ի գոյություն չունեցող «դատապարտող» բանաձևը

«Բռնաճնշումների դեմ պայքարի ֆոնդի» մեկ այլ՝ հունվարի 31-ին հրապարակված հոդվածը պնդում է, թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) 2026-ի հունվարի 26-ին ընդունել է բանաձև, որով Հայաստանում եկեղեցու դեմ իրականացվող իշխանության գործողությունները ճանաչել է որպես «ռեպրեսիաներ»։

Էկրանապատկերում՝ ԵԽԽՎ կեղծ բանաձևի վերաբերյալ հոդվածը

Իրականում ԵԽԽՎ-ն այդ օրն իրոք ընդունել է մի բանաձև, որն անդրադառնում է Հայաստանի իշխանությունների և եկեղեցու միջև լարվածությանը, սակայն այնտեղ չկա որևէ խոսք բռնաճնշումների մասին։

Բանաձևը միայն «խորը մտահոգություն» է հայտնում վարչապետի և եկեղեցու ղեկավարության միջև առկա լարվածության և հասարակության մեջ առկա բևեռացման վերաբերյալ։ Ուշագրավ է, որ փաստաթուղթը հղում է անում «մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու ծրագրերի մասին հաղորդումներին», ինչը ռուսական ցանցը միտումնավոր բաց է թողել:

Էկրանապատկերում՝ Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևի հատվածը

Ռուսական ցանցը պարզապես վերցրել է իրական փաստաթուղթը և խեղաթյուրել դրա բովանդակությունը։ 

Կեղծիքների արտահանումը դեպի «արևմտյան» մամուլ

Անգլալեզու vtforeignpolicy[.]com կայքում հունվարի 14-ին հրապարակվել է հոդված, որը կրկնում էր «Բռնաճնշումների դեմ պայքարի ֆոնդի» վերոնշյալ «բացահայտումները»։ Հոդվածի հեղինակ Լուկաս Լեյրոսը (Lucas Leiroz) պնդում է, թե Փաշինյանը զանգվածաբար հեռացրել է դատավորներ և «զավթել» դատական համակարգը՝ քաղաքական հակառակորդների դեմ օգտագործելու համար։

Հոդվածում նշվում է, թե 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունները ցանկանում են «մաքրել քաղաքական դաշտը» ։ Որպես ապացույց բերվում են Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված գործերը։

Էկրանապատկերում՝ դատական համակարգը թիրախավորող ապատեղեկատվական հոդվածը

Հայաստանի արդարադատության նախարարությունը պաշտոնապես հերքել է այս պնդումները։ Նախարարությունը հայտարարել է, որ վարչապետը «դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում որևէ լիազորություն, ազդեցություն կամ ներգրավվածություն չունի»։ Այդ գործառույթը իրականացվում է անկախ Բարձրագույն դատական խորհրդի կողմից։

Հոդվածի հեղինակ Լուկաս Լեյրոսը, սակայն, ոչ թե անկախ լրագրող է, այլ հանդիսանում է «Storm-1516» անունով հայտնի ապատեղեկատվական ցանցի առանցքային անդամներից մեկը: Microsoft-ի և ֆրանսիական VIGINUM գործակալության տվյալներով՝ Լեյրոսը սերտորեն կապված է ռուս ուլտրաազգայնական գաղափարախոս Ալեքսանդր Դուգինի շարժման հետ և պարբերաբար համագործակցում է Russia Today-ի հետ:

Vtforeignpolicy[.]com կայքը, չնայած իր անվանմանը և ձևավորմանը, չի հանդիսանում հեղինակավոր կամ արևմտյան լրատվամիջոց։ Այն հաճախ է հրապարակում կեղծ տեղեկություններ և ռուսական քարոզչական և ապատեղեկատվական ցանցի մաս է կազմում։ Վերջին ամիսներին vtforeignpolicy[.]com և Լեյրոսը տասնյակ հոդվածներ են հրապարակել հայաստանյան իշխանությունների դեմ՝ պնդելով անհիմն մեղադրանքներ թմրանյութերի, թրաֆիքինգի, կոռուպցիայի և այլ հանցագործությունների մասին։

Կարդացեք նաև՝ «Հայաստանի դեմ ապատեղեկատվության հետքերով․ նարատիվներից՝ կազմակերպված ցանցեր»

The post AI «քահանան», Գարեգին Բ-ի «սպանության» ծրագիրը և ԵԽԽՎ բանաձևը․ ապատեղեկատվական նոր արշավ  appeared first on CIVILNET.

Leave a comment