Հայաստան-Հունաստան նոր համագործակցություն. ստորագրվել է հուշագիր թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ նախագահի՝ Հունաստան կատարած պետական այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է մի շարք պաշտոնական հանդիպումների։

Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

Այցի շրջանակում փետրվարի 18-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հունաստանի Հանրապետության թվային կառավարման նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ թվայնացման, բարձր տեխնոլոգիաների և գիտահետազոտական ոլորտներում համագործակցության վերաբերյալ։

Հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Հունաստանի Հանրապետության թվային կառավարման նախարարի տեղակալ Խրիստոս Դերմենցոպուլոսը։

Փաստաթուղթը նախատեսում է համատեղ հետազոտական նախագծերի իրականացում, պետական-մասնավոր գործընկերության խթանում, ինչպես նաև թվային փոխակերպման ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների զարգացում։

Հուշագրով նաև հնարավորություն է ստեղծվում ամրապնդելու համագործակցությունը 5-րդ սերնդի տեխնոլոգիաների (5G), արհեստական բանականության (ԱԲ), ամպային տեխնոլոգիաների, թվային կառավարման, բիոտեխնոլոգիաների, գերհամակարգչային լուծումների, մի շարք այլ ոլորտներում՝ նպաստելով երկու երկրների տեխնոլոգիական էկոհամակարգերի զարգացմանը և նորարարական ներուժի ընդլայնմանը։

Փոխըմբռնման հուշագիրը երկկողմ բանակցության արդյունքում առաջնահերթությունների սահմանման հետևանք է և հետագա համագործակցության զարգացման կարևոր քայլ բարձր տեխնոլոգիաների և թվային օրակարգի առաջմղման ուղղությամբ։

 

Այցի շրջանակում նախատեսված են նաև բարձր մակարդակի հանդիպումներ Հունաստանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Կքննարկվեն համագործակցության ընդլայնման հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների, նորարարության, թվայնացման, կիբեռանվտանգության և գիտատեխնիկական հետազոտությունների ոլորտներում։

Leave a comment