Ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով. նախարար

Եթե կենսաթոշակառուները մինչև մարտի 5-ը բանկ չընտրեն, դա տեղի կունենա ինքնաշխատ եղանակով, ասել է նախարարը


ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշումը, որով կարգավորվում է ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների ամբողջական անցումը անկանխիկ վճարման եղանակին։


«Մինչև սույն թվականի մարտի 5-ը խնդրում ենք բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին ինքնուրույն ընտրել վճարող կազմակերպությունը՝ բանկը, և ինքնուրույն ստանալ բանկային քարտ, որի վրա հաջորդ կենսաթոշակը կամ նպաստը կփոխանցվի անկանխիկ եղանակով: Եթե դա մինչև մարտի 5-ը տեղի չունենա, մենք դա անելու ենք ավտոմատ եղանակով», – ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն՝ ընդգծելով, որ իրենց բավարար ժամանակ է անհրաժեշտ լինելու քարտերը տուն առաքելու համար:


Ըստ նախարարի՝ դեկտեմբերի սկզբին, երբ անկանխիկի դաշտ անցնելու խոսակցությունը սկսվեց, կար 50 հազար քաղաքացի, որ կենսաթոշակ և նպաստ ստանում էր կանխիկ եղանակով:


«Այսօր առավոտվա դրությամբ ունենք 21,539 քաղաքացի, այսինքն՝ մոտ 30 հազար քաղաքացի ինքնուրույն արդեն անցել է անկանխիկի դաշտ: Օրական մոտ 1000-1500 քաղաքացի դեռ շարունակում է ինքնուրույն անցնել», – ասաց նախարարը՝ նշելով, որ եթե գործընթացն ինքնուրույն չարվի, ապա բանկի ընտրությունը կկատարվի ինքնաշխատ եղանակով և պատահականության սկզբունքով:


Թորոսյանը հայտնեց, որ ընտրությունն ավտոմատ կատարելուց հետո՝ մարտի 5-ից մինչև ապրիլի 1-ը, կապահովվի քարտերի տրամադրումը սուրհանդակային ծառայության միջոցով, իսկ առաքումից հետո քաղաքացիները թոշակը կամ նպաստը կստանան քարտով։


Leave a comment