Անահիտ Մանասյանը խուսափեց ասել՝ կաթողիկոսի իրավունքները խախտվա՞ծ են, թե՞ ոչ․ «Բայց այդ հարցը ինչո՞ւ եք ինձ տալիս»

Կառավարության այսօրվա նիստից հետո ՄԻՊ Անահիտ Մանասյանն անդրադարձավ Աջափնյակի կրակոցներին, որոնց հետեւանքով, հիշեցնենք, մեկ զոհ եւ ինը վիրավոր կա:

Հարցին, թե գո՞հ է իրավապահների աշխատանքներից, Մանասյանը պատասխանեց․ «Նման միջադեպերը չեն կարող նորմալ դիտարկվել որեւէ մարդու կողմից կամ որեւէ հասարակությունում։ Ցավոք, տարատեսակ իրավիճակներում գործ ենք ունենում նման բացասական երեւույթների հետ։ Տարբեր մարմինների աշխատանքին ես բազմիցս նաեւ հրապարակային եմ անդրադառնում, իհարկե, իմ լիազորությունների շրջանակներում՝ անդրադառնալով այն դեպքերին, երբ իրավունքների խախտման դեպքերի հետ ենք գործ ունենում։ Ձեր կողմից հիշատակված տարբեր երեւույթները, այդ թվում՝ երեկվա միջադեպը, մի շարք դեպքերում նաեւ մարդկանց կրթության եւ մշակույթի հետ կապված խնդրահարույց իրավիճակի հետեւանք են։ Եվ համարում եմ, որ թե կրթության համակարգը պետք է ամբողջապես բարեփոխվի, եւ բնականաբար տարբեր իրավապահ մարմիններ պետք է պատշաճ աշխատանք իրականացնեն»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Լրագրողները նաեւ հարց ուղղեցին Անահիտ Մանասյանին՝ փորձե՞լ է պարզել՝ կաթողիկոսի իրավունքները խախտվա՞ծ են, թե ոչ, նրա հետ հանդիպում պլանավորո՞ւմ է՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու ու կաթողիկոսի դեմ գործողությունները։ Մանասյանը խուսափեց պատասխանել այս հարցին։ «Բայց այդ հարցը ինչո՞ւ եք ինձ տալիս, ես մարդու իրավունքների պաշտպանն եմ, ոչ թե կրոնական կազմակերպությունների։ Ես չեմ կարծում, որ որպես մարդու իրավունքների պաշտպան պիտի պատասխանեմ նման հարցերի»

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment