Աջափնյակի տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, մյուսների վիճակը միջին ծանրության է

Աջափնյակում նախօրեին տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորում ստացած անձանցից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, մյուս հինգ վիրավորներն այսօր վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվեն տարբեր բաժանմունքներ։ Factor TV-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Արմենիա» ԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։

Նրա խոսքով՝ այս պահին բոլոր 5-ի վիճակը կայուն է, միջին ծանրության, ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող անձինք չկան։

«Երեկ բոլորն էլ վիրահատության են ենթարկվել, ինչի արդյունքում այսօր դրական պատկեր ունենք»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ երեկ ժամը 16։00-ի սահմաններում կրակոցներ էին հնչել Երևանի Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցում։ Միջադեպի հետևանքով յոթ վիրավոր հոսպիտալացվել էր, նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է։ 

Երեկ Աշոտ Կյուրեղյանը հայտնել էր, որ կրակոցներից հետո 7 հոգի «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել։ 

«7-ից մեկը մահացել է վիրասրահում, երեքն այս պահին վիրահատվում են, մյուս երեքը վերակենդանացման բաժանմունքում են։ Տուժածները, նախնական տեղեկություններով, հրազենային վիրավորում են ստացել, հիմնականում կրծքավանդակի և որովայնի շրջանում»,- ասել էր Աշոտ Կուրղինյանը։ 

Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի, սպանության, խուլիգանության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով: Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:

Ռոզա Վարդանյան 

 

Leave a comment