Եկեղեցու երկու հայցերն ընդդեմ Արամայիս Թախմազյանի դատարանն ընդունել է վարույթ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին երկու հայց էր ներկայացրել ընդդեմ Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե)։ Հայցադիմումներից մեկով պահանջվում էր Արամայիս Թախմազյանից հետ վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին (այդ թվում՝ Եկեղեցու բանալիները)՝ արգելելով Թախմազյանին մուտք գործել Սուրբ Աստվածածին եկեղեցու հետևյալ հատվածները՝ Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։ Ինչպես նաև Եկեղեցին պահանջում է Արամայիս Թախմազյանից հօգուտ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։

Մյուս հայցադիմումով պահանջվում էր պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին և Հռիփսիմե Գագիկի Խաչատրյանին հետ վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Մյասնիկյան 3-րդ շենքի 5-րդ բնակարանը՝ վտարելով պատասխանողներին նշված բնակարանից։ Նաև պատասխանողներից հօգուտ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։

Երեկ՝ փետրվարի 18-ին, դատավոր Զարուհի Մկրտչյանը հայցադիմումներն ընդունել է վարույթ։

Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 2-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ էր հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․ Թադե քահանա Թախմազյանը։
Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։

Նշենք, որ կարգալույծ հոգևորականը, ըստ փաստաբանների և թեմի հոգևոր սպասավորների՝ խոչընդոտում է Թալինի տարածաշրջանում ծառայող հոգևորականների մուտքը եկեղեցի և ինքն է պատարագներ մատուցում։

Հասմիկ Սարգսյան

—00—ԼԱ

Leave a comment