Պետության ձայնը աշխարհում․ ինչու են կարևոր նախագահի արտերկրյա այցերը

Պետության ձայնը աշխարհում․ ինչու են կարևոր նախագահի արտերկրյա այցերը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հաճախ կարելի է լսել հարցը՝ ի՞նչ է տալիս Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցը արտերկիր, եթե Սահմանադրությամբ նրա լիազորությունները սահմանափակ են։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե նման այցերը առավելապես արարողակարգային բնույթ ունեն։ Սակայն իրական քաղաքական գործընթացները շատ ավելի խորքային են։

Վահագն Խաչատուրյանի գլխավորած յուրաքանչյուր պաշտոնական, աշխատանքային կամ պետական ան այց ունի մի քանի շերտ։ Այո՛, ինչպես հատուկ է խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներին՝ նախագահը չի ղեկավարում իշխանությունը, սակայն նա պետության խորհրդանշական և ներկայացուցչական դեմքն է։ Իսկ պետության բարձրաստիճան դեմքի խոսքը, ձևակերպումները և ուղերձները հաճախ ունեն այն ազդեցությունը, որը չի չափվում միայն իրավական լիազորություններով։ Նման այցերի ընթացքում նախագահը հանդիպում է ոչ միայն տվյալ երկրի ղեկավարությանը, այլև խորհրդարանների ներկայացուցիչների, քաղաքական ու փորձագիտական շրջանակների, երբեմն նաև գործարար համայնքի հետ։ Այս հանդիպումները հնարավորություն են տալիս Հայաստանի օրակարգը ներկայացնել ուղիղ և առանց միջնորդավորված մեկնաբանությունների։

Տեղեկատվական աղմուկի և ապատեղեկատվության պայմաններում սա չափազանց կարևոր գործոն է։ Առանձնահատուկ նշանակություն ունեն նաև հանդիպումները սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Արտերկրի հայ համայնքները ոչ միայն մշակութային կառույցներ են, այլ նաև ազդեցիկ ցանցեր՝ քաղաքական, տնտեսական և հանրային մակարդակներում։ Երբ Հայաստանի նախագահը անձամբ ներկայացնում է երկրի ներքին ու արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ձևավորվում է վստահության և համադրության նոր մակարդակ։ Սփյուռքը լսում է պետական պաշտոնական դիրքորոշումը հենց առաջնային պետական աղբյուրներից մեկից, ոչ թե վերլուծական մեկնաբանությունների կամ սոցիալական ցանցերի միջոցով։ Այս ամենը հատկապես կարևոր է տեղեկատվական «պատերազմի» ժամանակաշրջանում։ Տարածաշրջանային և ներքին լարվածությունների պայմաններում յուրաքանչյուր սխալ մեկնաբանություն կարող է արագ տարածվել միջազգային դաշտում։ Իսկ երբ Հայաստանի մասին դիրքորոշումները ներկայացվում են բարձրաստիճան պաշտոնյայի կողմից՝ հստակ ձևակերպված և քաղաքական պատասխանատվությամբ, դա լրացուցիչ կշիռ է հաղորդում հայկական օրակարգին։

Պաշտոնական այցերը նաև հարաբերությունների շարունակականության երաշխիք են։ Պետական մակարդակով շփումները ամրապնդում են կապերը նույնիսկ այն ոլորտներում, որտեղ անմիջական պայմանագրային արդյունք տվյալ պահին չի գրանցվում։ Քաղաքական հարաբերություններում այսօր ձևավորված վստահությունը կարող է վաղը վերածվել կոնկրետ աջակցության։ Այսպիսով, նախագահի արտերկրյա այցերը ինքնանպատակ չեն։ Դրանք պետության ներկայության, դիրքավորման և ձայնի հստակեցման միջոց են միջազգային հարթակներում։ Եվ նույնիսկ սահմանափակ լիազորություններով նախագահը կարող է լինել այն կարևոր կամուրջը, որի միջոցով Հայաստանը լսելի է դառնում՝ թե՛ դիվանագիտական սրահներում, թե՛ սփյուռքի համայնքներում, թե՛ գլոբալ տեղեկատվական հոսքերի միջավայրում։

 

Մկրտիչ Իսրայելյան

Leave a comment