ՀՀ ՏԿԵ նախարարի գլխավորությամբ շրջայց՝ Տաշիրի մի շարք գյուղեր – Azat TV

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզ կատարած այցի ընթացքում եղել է Տաշիրի տարածաշրջանի ճանապարհահատվածներում, որտեղ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվել են կամ ընթացքի մեջ են հիմնանորոգման աշխատանքները։ Նախարարին ուղեկցում էին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, պաշտոնատար այլ անձինք։

Պաշտոնյաները տեղում ծանոթացել են արված աշխատանքներին։ Մասնավորապես, Տաշիր-Մեծավան-Ձյունաշող ավտոճանապարհի 8,5կմ հատվածի հիմնանորոգումը մեկնարկել է 2025 թվականին։ Նախորդ տարի կապալառուի կողմից շուրջ 4կմ հատվածում կատարվել են հողային, ջրահեռացման խողովակների վերականգնման և երկշերտ ասֆալտբետոնե պատվածքի տեղադրման աշխատանքներ։ Մյուս՝ մոտ 4,5կմ հատվածի հիմնանորոգումը նախատեսված է իրականացնել 2026 թվականին։ Եղանակային պայմանների բարելավման պես շինարարությունն այս տեղամասում կվերսկսվի։ Այս ճանապարհահատվածում 2025թ.-ին իրականացված աշխատանքների արժեքը կազմել է մոտ 497 մլն դրամ:

2025 թվականին Տաշիրի տարածաշրջանում հիմնանորոգվել է նաև Միխայլովկա բնակավայրով անցնող 2կմ երկարությամբ ճանապարհը։ Տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, կառուցվել են մայթեր, վերականգնվել են ջրահեռացման համակարգը և ճանապարհին առկա կամուրջը։ Ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։ ՀՀ պետական բյուջեից այս օբյեկտի հիմնանորոգման համար հատկացվել է շուրջ 395 մլն դրամ։

Leave a comment