Հունաստանում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին

ՀՀ նախագահի՝ Հունաստան կատարած պետական այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է մի շարք պաշտոնական հանդիպումների։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակներում՝ փետրվարի 18-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հունաստանի Հանրապետության թվային կառավարման նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ թվայնացման, բարձր տեխնոլոգիաների և գիտահետազոտական ոլորտներում համագործակցության վերաբերյալ։

Նշվում է, որ հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Հունաստանի Հանրապետության թվային կառավարման նախարարի տեղակալ Խրիստոս Դերմենցոպուլոսը։

«Փաստաթուղթը նախատեսում է համատեղ հետազոտական նախագծերի իրականացում, պետական-մասնավոր գործընկերության խթանում, ինչպես նաև թվային փոխակերպման ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների զարգացում։

Հուշագրով նաև հնարավորություն է ստեղծվում ամրապնդելու համագործակցությունը 5-րդ սերնդի տեխնոլոգիաների (5G), արհեստական բանականության (ԱԲ), ամպային տեխնոլոգիաների, թվային կառավարման, բիոտեխնոլոգիաների, գերհամակարգչային լուծումների, մի շարք այլ ոլորտներում՝ նպաստելով երկու երկրների տեխնոլոգիական էկոհամակարգերի զարգացմանը և նորարարական ներուժի ընդլայնմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Հաղորդվում է, որ այցի շրջանակում նախատեսված են նաև բարձր մակարդակի հանդիպումներ Հունաստանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Կքննարկվեն համագործակցության ընդլայնման հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների, նորարարության, թվայնացման, կիբեռանվտանգության և գիտատեխնիկական հետազոտությունների ոլորտներում։

 

 

Leave a comment